Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Այս տարի նվաճել ենք 73 մեդալ». Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց 2018-ը

327
Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ., 15:15
«Այս տարի նվաճել ենք 73 մեդալ». Փաշիկ Ալավերդյանն ամփոփեց 2018-ը

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այսօր, լրագրողների հետ զրույցում, ամփոփեց տարին։

«Այս տարի, բոլորիս հայտնի պատճառներով, բաց թողեցինք միայն մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Պատճառը դոպինգային դեպքերն են, որոնք շուրջ 5 տարի չենք ունեցել, բացի Սոնայի դեպքից, որի շուրջ մենք դեռ պատասխան չունենք՝ քանի տարի, քանի ամիս, քանի օր ու ժամ է նա որակազրկված։ Երևի թե տարվա վերջում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կանդրադառնա այդ հարցին և կհայտնի մեզ որոշումը։ Մենք գիտենք, որ 100%-ով որակազրկվելու է, բայց ինչ ժամկետով, հայտնի չէ։ Ճիշտ է՝ Եվրոպայի առաջնությանը չմասնակցեցինք, բայց մասնակցեցինք աշխարհի երիտասարդական առաջնությանը և Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Երկու ստուգատեսներին էլ հաջող ենք մասնակցել՝ մեդալներով վերադարձել ենք հայրենիք։ Դրանից հետո յուրահատուկ թույլտվություն ստացանք մասնակցել պատանեկան օլիմպիական խաղերին և ունեցանք պատանիների օլիմպիական չեմպիոն՝ Կարեն Մարգարյան։ Ընդհանուր առմամբ այս տարի նվաճել ենք 73 մեդալ։ Այս տղաները՝ Սիմոնը, Հակոբը, Գոռը, մեր ապագան են։

Աղջիկների կազմը հիմա թույլ է՝ աշխարհում, ոչ Եվրոպայում։ Անկախ մեր կամքից սերնդափոխություն է կատարվել, որից պետք է աշխատենք պատվով դուրս գալ»։

Խոսելով օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու մասին՝ Ալավերդյանը նշեց․ «10 քաշային կարգերից 7-ն է օլիմպիական։ Սակայն ոչ օլիմպիական քաշերի մարզիկներն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար պետք է առնվազն 4 մրցման մասնակցեն օլիմպիական քաշային կարգերում։ Այն, որ օլիմպիական խաղերին մասնակցելու է 1 կին 1 տղամարդ, այդպես չէ։ Դա ընդամենը մեզ վախեցնելու, զգոն պահելու համար է։ Դա փոփոխական է։ Չեմ կարծում, որ կպատահի այնպես, որ մեկ պետության կողմից աշխարհի առաջնության 4 մրցանակակիր ունենա, և նրանց օլիմպիական խաղերին չթողնեն մասնակցել։ Այնպես, ինչպես այս 1 տարվա որակազրկումն էր, այդպես էլ դա կփոխվի և կմասնակցենք օլիմպիական խաղերին։ Միջազգային ֆեդերացիան մեզնից գոհ է։ Մեր առաջիկա ծրագրերը նույնն են, ինչ այս տարի՝ հաջող մասնակցել մրցումներին՝ ավելի ոգեշնչված»։