Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Գազի սակագնի իջեցման հարցի քննարկումը տխուր տպավորություն թողեց». Ատոմ Մարգարյան

340
Ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ., 10:30
«Գազի սակագնի իջեցման հարցի քննարկումը տխուր տպավորություն թողեց». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովում գազի սակագնի իջեցման հարցի քննարկումը տխուր տպավորություն թողեց։ Այն, որ գազամատակարար «Գազպրոմ-Արմենիայի» ընկերության ներկայացուցիչները պետք է կատեգորիկ դեմ լինեին ու առաջիկայում էլ՝ դեմ են լինելու սակագնի իջեցմանը՝ ինչպես ասում են՝ «ոզնուն էլ հասկանալի է»։ Եվ այն, որ օտար երկրի մոնոպոլիստը պետք է մեր պետության հետ շանտաժի լեզվով խոսի ու հայտարարի, որ եթե մեկ այլ ընկերություն կարող է ավելի էժան գազով ապահովի Հայաստանը, իրենք պատրաստ են իրենց «գործը հանձնել», սա էլ է հասկանալի։ Ո՞ր մոնոպոլիստը կհարժարվի իր գերշահույթից։
Սակայն անհասկանալին ու զավեշտականը Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ու անձնամբ նրա նախագահի կեցվածքն ու փաստարկներն են, որոնք իրականում մի բան են նշանակում՝ այդ կառույցը ուղղակի «Գազպրոմ-Արմենիայի» կցորդն է ու ամենայն հավանականությամբ սպասարկում է նրա շահերը։ Այլապես ինչով բացատրել, որ հարցի քննարկման ժամանակ գազի սակագնի իջեցման դեմ ՀԾԿՀ նախագահի փաստարկներն ավելի ռադիկալ էին, քան նույնիսկ գազ ծախող ընկերության տնօրենի փաստարկները։
Այս ամենի պատճառներն անշուշտ քաղաքական են։ Ու հասկանալի է նաև մեկ այլ բան։ Այն, որ Հայաստանի նախորդ իշխանությունները հանուն իրենց իշխանության ապօրինի վերարտադրման, Կրեմլի դաբրոյի դիմաց կասկածելի պարտքերի դիմաց մեծ ջանասիրությամբ Ռուսաստանին են նվիրաբերել ռազմավարական նշանակության էներգետիկ ենթակառուցվածքները, այդ թվում երկրի համար այլընտրանք համարվող՝ Իրան-Հայաստան գազամուղը, պարզ է ցերեկվա լույսի նման։ Ու հիմա երկիրը դարձել է Գազպրոմի ու որքան էլ տարօրինակ հնչի՝ նրա խամաճիկ ՀԾԿՀ գերին։ Ո՞րն է ելքը։
Ելքը անշուշտ երկրի էներգետիկ ակտիվների, առաջին հերթին գազաբաշխիչ ցանցի ակտիվների մի մասի, ասենք 20 տոկոսի ազգայնացումն է կամ ետգնումը, ինչը թույլ կտա գազի ներմուծման ու գնակազմավորման քաղաքականության որոշումների վրա էական ազդեցություն ունենալ։ Հակառակ պարագայում ինչ մակարդակի հանձնաժողովներ էլ ստղծվեն ու քննարկումների օրակարգեր ձևավորվեն, միևնույն է, արդունքները միշտ տխուր են լինելու»։