Հայրիկի ոսկե մեդալից անձնական ոսկե մեդալ՝ 12 տարի անց. Կարապետյանների ընտանեկան պատմությունը
![]() Իտալիայի Միլան քաղաքում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնության շրջանակներում երեկ Հայաստանը ներկայացնող 85 կգ քաշային Գարիկ Կարապետյանը նվաճեց ոսկե մեդալ։ Այս իրադարձությունը հետաքրքիր նախապատմություն ունի։ Գարիկը 12 տարի առաջ արդեն կանգնել է պատվո պատվանդանի առաջին աստիճանին և իր կրծքին կրել ոսկե մեդալ։ Երեք տարեկան Գարիկին նման պատվի է արժանացրել հայրիկը՝ անվանի ծանրորդ Ալեքսան Կարապետյանը։ 12 տարի անց նրա որդին՝ Գարիկը, արդեն անձնական ոսկե մեդալը կրծքին կանգնել է պատվո պատվանդանի առաջին աստիճանին։ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց հայր և որդի Կարապետյանների հետ՝ խնդրելով վերհիշել ընտանեկան գեղեցիկ պատմությունը։ «2006 թվականին տիկնոջս և որդուս տարել էի ինձ հետ մրցումիս ներկա գտնվելու։ Երբ ես հաղթող դարձա, կազմկոմիտեի նախագահին հարցրեցի, կարող եմ, արդյոք, պատվանդանին լուսանկարվել որդուս հետ։ Նախագահը, ով նաև Ավստրալիայի ֆեդերացիայի նախագահն էր, դեմ չէր։ Մրցակիցներս տեսան, նույնպես ցանկացան լուսանկարվել երեխաների հետ և հաջորդ օրը կանանց պայքարում էլ մեդալ նվաճած ծանրորդներն իրենց երեխաների հետ լուսանկարվեցին։ Մինչ այդ երբևէ նման բան չէր եղել։ Եզակի դեպք էր»,- նշեց Ալեքսան Կարապետյանը։ Ալեքսան Կարապետյանը ծնվել և մեծացել է Գյումրիում, որտեղ և սկսել է զբաղվել ծանրամարտով։ 1995 թվականին հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն, նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը, մասնակցել է 1996 թվականի օլիմպիական խաղերին։ Ապա հանգամանքների բերումով ընկերոջ՝ Սերգո Չախոյանի հետ մեկնել է Ավստրալիա և սկսել է հանդես գալ Ավստրալիայի դրոշի ներքո։ 2000 թվականին մասնակցել է Սիդնեյի օլիմպիական խաղերին՝ եզրափակելով 94 կգ քաշայինների լավագույն տասնյակը։ 2001 թվականին Անթալիայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճել է պոկում վարժության բրոնզե մեդալ, 2002 և 2006 թվականների Բարեկամության խաղերի ոսկե մեդալակիր է։ «1997 թվականին հանգամանքների բերումով ընկերոջս՝ Սերգո Չախոյանի հետ մեկնել եմ Ավստրալիա։ 2000-2010 թվականներին ներկայացել եմ Ավստրալիայի դրոշի ներքո։ Հիմա ես ապրում եմ Հայաստանում՝ իմ քաղաքում՝ Գյումրիում։ Լինելով Ավստրալիայի քաղաքացի՝ ես նախընտրում եմ մնալ հայրենիքումս, որտեղ ծնվել և մեծացել եմ։ 30 տարի մեծ սպորտի մեջ եմ եղել, ամբողջ աշխարհ ման եմ եկել, բայց բացի Գյումրիից ուրիշ ոչ մի տեղ չեմ կարող բնակվել։ 2010 թվականից աշխատում եմ որպես մարզիչ։ Լուսահոգի Աշոտ Մխիթարյանին եմ փոխարինել․ նա իմ առաջին մարզիչն է եղել, իսկ ես իր առաջին սանը։ Նրա մահից հետո իր այդ ժամանակվա սաները՝ Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Րաֆֆի և Աղվան Մելիքյանները դիմեցին ինձ, որ վերադառնամ հայրենիք և մարզիչ աշխատեմ։ Ողջ գիշեր մտածեցի, չկարողացա քնել, հասկացա, որ պետք է տղաների կողքին լինեմ ու մեր ազգի պատիվը բարձր պահեմ։ Ավտրալիայից էլ, Անգլիայից էլ մարզչական աշխատանքի առաջարկներ ունեի, բայց վերադարձա հայրենիք»,- շարունակեց Կարապետյան-ավագը։ Երեկ Կարապետյանների ընտանիքում կրկին տոն էր․ Գարիկ Կարապետյանը հռչակվեց պատանիների Եվրոպայի չեմպիոն։ Կարապետյանը կրկնեց հրում վարժության իր տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը՝ փորձելով սահմանել նաև նոր ռեկորդ։ Գարիկն իր տպավորություններով կիսվեց MAMUL.am-ի թղթակցի հետ. «Շատ ուրախ եմ։ Գոհ եմ մասնակցությունիցս, բայց որ ռեկորդ սահմանեի, ավելի գոհ կլինեի։ Հաղթանակս նվիրում եմ հայ զինվորներին և, իհարկե, ընտանիքիս։ Ճիշտն ասած՝ չէի պատկերացնում, որ կարող եմ այսպիսի բարձունքների հասնել»։ Որդու հաջողությունը հոր և միաժամանակ անձնական մարզիչ Ալեքսան Կարապետյանի համար թեև կանխատեսելի էր, բայց անչափ ուրախալի. «Մտքովս երբեք չի անցել, որ որդիս ծանրամարտով կզբաղվի։ Սկզբից տարել էի ըմբշամարտի, երկու ամիս մարզվեց, գնացի մի երկու անգամ մարզմանը, տեսա, որ շատ դանդաղ է ըմբշամարտի համար։ Ասեցի դա քո բանը չէ, դու ծանրորդ կդառնաս։ 8 տարեկան էր, երբ առաջին անգամ տարա մարզադահլիճ, խաղում էր այնտեղ, սիրողական ինչ-որ բաներ անում։ Լրջորեն ծանրամարտով զբաղվում է 3 տարի։ Հեռանկարներն արդեն տեսնում եմ, պտուղը ծառից հեռու չի ընկնում, ինչպես ասում են։ Միլան մեկնելուց 10-15 օր առաջ, երբ հավաքների մեջ էին, տղաս և ևս երկու ծանրորդ սննդային թունավորում ստացան, հիվանդ էին։ Նրանց քաշն ընկել էր, թույլ էին։ Դեղերով, խոտաբույսերով ապաքինեցինք, բայց արդեն ժամանակը կորցրել էին։ Դրա համար էլ երեքի արդյունքների վրա էլ անդրադարձավ դա։ Եթե հիվանդությունը չլիներ, Գարիկը ռեկորդը կգրանցեր»։ Հայր և որդու մեդալների հետ զուգահեռներն այսքանով չեն ավարտվում։ 2002-ի հուլիսի 27-ին Կարապետյան ավագը նվաճեց Բարեկամության խաղերի ոսկե մեդալը, իսկ 16 տարի անց՝ 2018-ի հուլիսի 27-ին, հոր «ոսկե հաջողությունը» կրկնեց որդին. «Հենց այդ օրը՝ 2002-ի հուլիսի 27-ին, հայրս մահացավ, իսկ ես դարձա Բարեկամության խաղերի հաղթող։ 16 տարի անց որդիս նույն օրը Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալ նվաճեց»,- նշեց Կարապետյան-ավագը։ Ավարտելով զրույցը՝ Ալեքսան Կարապետյանը նշեց, որ հայրենիք վերադառնալուց հետո մեկ շաբաթ հանգստանալու ու լիցքաթափվելու հնարավորություն կտա Գարիկին, դրանից հետո արդեն կվերսկսեն մարզումները։ «Ուզում եմ՝ Գարիկը կիսատ թողած գործս շարունակի։ Ես չեմ դարձել աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն, ուզում եմ դա որդուս մոտ տեսնել։ Բայց ոչ միայն իմ որդու․ ես ունեմ մի քանի լավ աշակերտներ, ովքեր նույնպես հաղթանակներ տոնելու պոտենցիալ ունեն։ Դե որ իմ տղան է այս անգամ չեմպիոն դարձել, ուրիշ է մի քիչ, ուրիշ ձև է հնչում, դա իմ հպարտությունն է։ Բառեր չեմ գտնում ուրախությունս արտահայտելու»,- եզրափակեց Ալեքսան Կարապետյանը, իսկ որդին՝ Գարիկը, իր հերթին, նշեց, որ ցանկանում է իրականություն դարձնել հոր երազանքը. «Նպատակ ունեմ դառնալ օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն»։
Կատարինե Այդինյան |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54






