Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

ՀՖՖ-ն նոր հայտարարություն է տարածել

520
Երեքշաբթի, 24 հուլիսի, 2018 թ., 14:50
ՀՖՖ-ն նոր հայտարարություն է տարածել

ՀՖՖ-ն նոր հայտարարություն է տարածել․ ««Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ կրքերը կարծես հանդարտվում են: Համենայնդեպս ներպետական դատական ատյաններում:

Տեղեկացրել էինք, որ ս. թ. մայիսի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Վարդազարյան) դատավարական իրավունքի նորմերի խախտումներով բավարարել էր «Շիրակ» ՖԱ-ի բողոքը և որոշում ընդունել արգելել ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ» ՖԱ-ի միավորները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշված որոշումը վերացնելու միջնորդությունը ներկայացրել էր մի շարք հիմնավորումներով: Միջնորդության մեջ ՀՖՖ-ն մասնավորապես նշել է, - «ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն ազգային ֆեդերացիաների որոշումները կարող են կասեցվել բացառապես ՖԻՖԱ-ի կամ Լոզանում գտնվող սպորտային արբիտրաժային դատարանի (ԿԱՍ) կողմից: ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի քաղաքականության հիմնադրույթներից է ֆուտբոլի տարանջատումը պետական ինստիտուտների միջամտությունից, մինչդեռ սույն գործով որոշում է կայացրել ՀՀ պետական դատարանը: ՀՀ դատարանի նման պրակտիկան հղի է հայկական ֆուտբոլի համար խիստ անցանկալի հետեւանքներով ընդհուպ մինչև միջազգային մրցաշարերում ՀՀ հավաքական թիմերիր որակազրկումը»:

Օրեր առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նույն դատավոր՝ Ռ. Վարդազարյանի նախագահությամբ, քննարկել է ՀՖՖ միջնորդությունը և այն բավարարել ամբողջությամբ: Նոր որոշմամբ Ռ. Վարդազարյանը վերացրել է 17.05.2018 թ. իր իսկ կայացրած որոշումը: Հետաքրքիր է, որ իր օգտին կայացրած որոշումը վերացնելու միջնորդություն էր ներկայացրել նաև «Շիրակ» ՖԱ–ն: Ինչպես ասում են՝ մեկնաբանությունները ավելորդ են:

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նոր որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ»,- նշված է հայտարարության մեջ։