Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը». Հենրիխ Մխիթարյան

455
Երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ., 14:25
«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել՝ երեկ տեղի ունեցած Սերժ Սարգսյանի հրաժարականի և այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

«Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը և զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը՝ կանխելու նման վայրագությունների կրկնությունը: Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը»,- գրել է նա՝ տեղադրելով անմար կրակի լուսանկարը: