Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Ռուսական դոպինգի մասին «Իկարոս» ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի․ Կրեմլը խուճապի մեջ է

455
Երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ., 16:45
Ռուսական դոպինգի մասին «Իկարոս» ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի․ Կրեմլը խուճապի մեջ է

Այս գիշեր Լոս Անջելեսում կայացել է «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր Բրայան Ֆոգելի «Իկարոս» ֆիլմը։ Այն պատմում է ռուսական դոպինգի մասին և հիմնված է Ռուսաստանի հակադոպինգային կենտրոնի նախկին նախագահ Գրիգորի Ռոդչենկովի ցուցմունքների վրա։

Գերմանացի լրագրող Հայո Զեպելտը՝ ռուսական դոպինգի մասին մի քանի ֆիլմերի հեղինակն, «Իկարոս»-ի հաղթանակը ՄՕԿ-ին ապտակ է անվանել․ «Ռուսաստանում առկա դոպինգի պետական համակարգի անհերքելի փաստերի մասին ֆիլմն արժանացավ կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակին՝ «Օսկար»-ին։ Սա ևս մեկ հզոր ապտակ է ՄՕԿ-ին և կազմակերպության թուլամորթ ղեկավարին (խմբ,՝ նկատի ունի ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին), ով խայտառակ կերպով վարվեց՝ ունենալով անհերքելի ապացույցներ (խմբ․՝ նկատի ունի ռուս մարզիկներին՝ Փհենչհանի օլիմպիական խաղերին օլիմպիական դրոշի ներքո մասնակցելու հնարավորություն տալը)»,- նշել է լրագրողը։

«Իկարոս»-ի հաղթանակը խուճապ է առաջացրել Կրեմլում։ Բանը հասել նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է․ «Չեմ կարծում, որ ինչ-որ ֆիլմին մրցանակ շնորհելը կարող է Կրեմլից մեկնաբանության առիթ լինել։ Բոլորին հայտնի է Գրիգորի Ռոդչենկովի անձը։ Պետք է զգույշ վերաբերվել իր հայտարարություններին և դրանց վրա հիմնված նյութերին»,- նշել է Պեսկովն՝ ակամա մեկնաբանություն տալով։

ՌԴ Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, տուրիզմի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Միխայիլ Դեգտյարյովը նույնպես մեկնաբանություն է տվել․ «Բարդ է ֆիլմը վավերագրական անվանել։ Այն հիմնված է հոգեպես ոչ առողջ պրոֆեսոր Գրիգորի Ռոդչենկովի ցուցմունքների վրա։ Ամերիկյան կինոքննադատները և հանդիսատեսն ընկել են ֆիլմի սյուժեի ազդեցության տակ։ Այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ, անկախ ռուսական կողմի հայտարարությունների, ռուս մարզիկների մոտ դոպինգ հայտնաբերվելու բազմաթիվ դեպքերն ապացուցված են։ Ռուս մարզիկներից շատերը որակազրկվել են։ Որակազրկված են եղել նաև Ռուսաստանի օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեները։