Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Առանց Մխիթարյանի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը թյուրիմացություն է առաջացրել

166
Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ., 22:20
Առանց Մխիթարյանի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը թյուրիմացություն է առաջացրել

Այսօր Հայաստանի մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան ներկայացրել է իր վարկածով 2017-ի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը, որում տեղ չի գտել Եվրոպայի լիգայի և Անգլիայի լիգայի գավաթի հաղթող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Սակայն կազմված տասնյակը թյուրիմացություն է առաջացրել ինչպես մարզասերների, այնպես էլ մարզիկների շրջանում։ Բանն այն է, որ մինչ այս հայտարարված էր, որ Հայաստանի լավագույն մարզիկին այս տարի ընտրելու են նաև երկրպագուները՝ sms քվեարկության միջոցով, որը կազմակերպվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից։ Քվեարկությունն ավարտվելու է դեկտեմբերի 25-ին, իսկ հաղթողի անունը հայտնի է դառնալու դեկտեմբերի 27-ին։ Հանրությանը շփոթեցրել է, որ ներկայացվել է մարզիկների տասնյակ։ Բացի այդ, մարզասերները դժգոհ են, որ լավագույնների թվում չի ընդգրկվել Մխիթարյանը։

Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը՝ Հայաստանի մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի վարկածով

1. Արթուր Ալեքսանյան (հ/հ ըմբշամարտ, 200 միավոր)
2. Մաքսիմ Մանուկյան (հ/հ ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն, 188 միավոր)
3. Լևոն Արոնյան (շախմատ, աշխարհի գավաթակիր, որի շնորհիվ դարձել է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ: Եվրոպայի թիմային առաջնությունում առաջին խաղատախտակի վրա արժանացել է ոսկե մեդալի, 168 միավոր)
4. Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն, Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, 145 միավոր)
5. Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, 108 միավոր)
6. Գոռ Մինասյան (ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 99 միավոր)
7. Տիգրան Կիրակոսյան (սամբո, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 90 միավոր)
8. Սերգեյ Միքայելյան (դահուկային սպորտ, համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր և նվաճել է 2018 թ. ձմեռային Оլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր: ՀՀ դահուկային սպորտի պատմության ընթացքում սա առաջին և առայժմ միակ խոշոր նվաճումն է միջազգային պաշտոնական մրցումներում, 61 միավոր)
9. Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն, օղակների վրա դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն և աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկի հաղթող, 44 միավոր)
10. Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 42 միավոր)

Հարցաթերթիկներում նշվել են նաև հեծանվորդ Էդգար Ստեփանյանի, սամբիստ Գրիգոր Մխիթարյանի, ազատ ոճի ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանի և հրաձգուհի Լիլիթ Մկրտչյանի անունները: