«Մանդատը չի կարող ծառայել` որպես օրենքն ու էթիկայի կանոններն անտեսելու արտոնություն»․ ՀԿ-ներ
![]() Հայաստանյան 13 հասարակական կազմակերպություններ դատապարտել են հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը՝ պահանջելով ուսումնասիրել միջադեպին մասնակցած պատգամավորների վարքագիծը և նրանց գործողություններին տալ իրավական ու էթիկական գնահատական։ ասարակական կազմակերպությունների հայտարարությունը՝ ստորև․ «Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խոր մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում 2026 թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ֆիզիկական բռնության և խուլիգանական դրսևորումների կապակցությամբ՝ դրանք համարելով անընդունելի և խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներին հակասող։ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ժողովրդավարական քննարկման, քաղաքական բազմակարծության և հանրային շահի շուրջ բանավեճի հարթակ է, այլ ոչ թե քաղաքական տարաձայնությունները ֆիզիկական ուժի կիրառմամբ լուծելու վայր։ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը սահմանել է պատգամավորական էթիկայի կանոններ, որոնք պարտադիր են ինչպես պատգամավորի լիազորությունների իրականացման ընթացքում, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծում։ Դրանք ներառում են օրենքը հարգելու և դրան ենթարկվելու, հանրության բարոյական նորմերը հարգելու, Ազգային ժողովի նիստերի անցկացման կարգը պահպանելու և պատգամավորին վայել վարքագիծ դրսևորելու պարտականությունները։ Հետևաբար, Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպը պետք է արժանանա պատշաճ գնահատականի նաև պատգամավորական էթիկայի կանոնների տեսանկյունից։ Պատգամավորները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնք վարձատրվում են քաղաքացիների վճարած հարկերից։ Նրանք իրենց մանդատը ստանում են քաղաքացիների քվեարկությամբ և կոչված են ներկայացնելու հանրային շահը, ընդունելու օրենքներ և իրենց գործունեությամբ օրինակ ծառայելու օրենքի նկատմամբ հարգանքի ու հաշվետվողականության հարցերում։ Քաղաքացիները պատգամավորներին մանդատ չեն տվել՝ բռնություն կամ խուլիգանական բնույթի գործողություններ կատարելու, քաղաքական տարաձայնությունները ֆիզիկական ուժով լուծելու կամ նման վարքագծի համար անպատիժ մնալու համար։ Պատգամավորական մանդատը հանրային վստահության և պատասխանատվության արտահայտություն է, ոչ թե օրենքից կամ էթիկայի կանոններից վեր կանգնելու արտոնություն։ 2027 թվականի հունվարի 1-ից պատգամավորների աշխատավարձի կրկնակի բարձրացումը չի ենթադրում արտոնյալ վերաբերմունքի ակնկալիք, այլ հանրության վստահությունն արդարացնելու պարտավորություն է։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը պատգամավորական Էթիկայի հանձնաժողովին վերապահել է պատգամավորական էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ դիմումների քննարկման և համապատասխան եզրակացություն ներկայացնելու լիազորություն։ Էթիկայի հանձնաժողով կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ։ Խախտման առկայությունը հաստատելու դեպքում օրենքով նախատեսված կարգով կարող են կիրառվել համապատասխան կարգապահական միջոցներ։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կոչ ենք անում պատգամավորական էթիկային առնչվող հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին՝ Սահմանված կարգով նախաձեռնել 2026 թվականի հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրություն՝ միջադեպին մասնակցած պատգամավորների վարքագծի մասով։ Ուսումնասիրել Ազգային ժողովի նիստի ամբողջական տեսագրությունը, ինչպես նաև միջադեպին առնչվող այլ տեսանյութերն ու նյութերը՝ պարզելու տեղի ունեցածի ամբողջական հանգամանքները։ Միջադեպին մասնակցած պատգամավորների գործողություններին տալ համակողմանի, անաչառ և սկզբունքային գնահատական՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պատգամավորական էթիկայի կանոնների համատեքստում։ Պատգամավորական էթիկայի կանոնների խախտում արձանագրելու դեպքում ընդունել համապատասխան եզրակացություն, իսկ առերևույթ հանցագործության էլեմենտներ պարունակելու դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված քայլերդիմել իրավապահ մարմիններին։ Ապահովել ուսումնասիրության արդյունքների և ընդունված որոշումների հրապարակայնությունը՝ հանրությանը ներկայացնելով հանձնաժողովի եզրակացության հիմնավորումները։ Միաժամանակ կոչ ենք անում իրավասու իրավապահ մարմիններին միջադեպի ընթացքում հնարավոր հանցավոր արարքների վերաբերյալ իրականացնել օրենքով նախատեսված պատշաճ քննություն՝ ապահովելով իրավական գնահատականը և օրենքով նախատեսված պատասխանատվության անխուսափելիությունը՝ անկախ միջադեպին մասնակցած անձանց զբաղեցրած պաշտոնից կամ պատգամավորական կարգավիճակից։ Ազգային ժողովը պետք է լինի օրենքի գերակայության, ժողովրդավարական արժեքների և քաղաքական պատասխանատվության օրինակ։ Խորհրդարանում բռնության դրսևորումների նկատմամբ արձագանքի բացակայությունը կամ դրանց հանդեպ հանդուրժողականությունը կարող են խորացնել անպատժելիության մթնոլորտը և ավելի նվազեցնել հանրային վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ։ Այս առումով՝ խիստ մտահոգիչ են ԱԺ մեծամասնության կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջադեպը խրախուսող և հովանավորող արձագանքը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ միջադեպը սովորական համարող և արդարացնող դիրքավորումները։ Քաղաքացիների վստահությունը և նրանց կողմից տրված մանդատը չեն կարող ծառայել օրենքն ու էթիկայի կանոններն անտեսելու արտոնություն։ Պատգամավորական կարգավիճակը պետք է ենթադրի ոչ թե անպատժելիություն, այլ առավել բարձր պատասխանատվություն»։ Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Լևոն Բարսեղյան, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» Արթուր Սաքունց, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ Դանիել Իոաննեսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Նաիրա Սուլթանյան, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Կարինե Թորոսյան, «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ Զառա Հովհաննիսյան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ Շավարշ Մարգարյան, «Ցիտադել» ՀԿ Գևորգ Քոթանջյան, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ»:
|

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
5515:49
«Իրանի դեմ ռազմական արկածախնդրությունները չեն կարող կոտրել նրա ժողովրդի կամքը»․ Զախարովա
5415:43
«Չէիք մտածո՞ւմ, որ աթոռը կկպներ մեկին ու կմահանար», «լավ էլի, եկեք Կիկոսի մահը չսարքենք»․ բանավեճ՝ լրագրողի և Վահագն Ալեքսանյանի միջև (տեսանյութ)
7315:36
«Տիտղոսային ընդդիմությունը, ինչպես միշտ, օրակարգ չունի». Ստեփան Դանիելյան
6915:30
«Կարող ա չափերով մի քիչ մեծ եմ՝ երևացել եմ․ բոլորն էլ ծեծել են»․ Նարեկ Բաբայան (տեսանյութ)
6415:18
«Ընդդիմադիրների նկարներով դագաղներն ու պսակնե՞րն են հանրային ճնշումը»․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6115:00
