«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
77
Այսօր, 02:06
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարգապահ վարորդների օրինական «թալան»: Որպեսզի հնարավորինս պարզ լինի «թալանի» մասշտաբը, բերեմ որոշակի օրինակ: ԱՊՊԱ-ի համակարգում վարորդն ունի 5-րդ դաս: Վերջինիս մեղավորությամբ վերջին ավտովթարը տեղի է ունեցել 8 տարի առաջ: Եթե 1 տարվա ընթացքում վարորդի մեղավորությամբ վթար տեղի չի ունենում, ապա վերջինիս դասն իջնում է 1 միավորով: Այսինքն, տվյալ դեպքում, 8 տարվա ընթացքում վարորդի մեղավորությամբ վթար չի արձանագրվել, հետևաբար՝ յուրաքանչյուր տարի վարորդի դասն իջել է 1 միավորով և այժմ այդ վարորդն ունի 5-րդ դաս և օգտվում է օրենքով նախատեսված զեղչերից: Անցած տարի այդ վարորդն, ունենալով 5-րդ դաս, ԱՊՊԱ պայմանագիր է կնքել և վճարել 38 000 ՀՀ դրամ: Մեկ տարում վարորդն իր մեղավորությամբ վթար չի ունեցել: Տրամաբանական է, որ այս տարի վարորդը պետք է վճարի 38 000 ՀՀ դրամից ավելի պակաս գումար: Սակայն, նույն ընկերությունը, որի հետ անցած տարի վարորդն ԱՊՊԱ պայմանագիր է կնքել և վճարել է 38 000 ՀՀ դրամ այժմ պահանջում է 68 000 ՀՀ դրամ: Ստացվում է՝ կարգապահ վարորդի ԱՊՊԱ պայմանագրի գումարը շուրջ 2 անգամ աճեց: Ըստ ընկերության աշխատակցի, «գները բարձրացել են»: Վերջինս ասում է, որ եթե 5-րդ դաս ունեցող վարորդն իր մեղավորությամբ 5 տարի վթար չունենա, ապա 5 տարի անց նա կունենա 1-ին դաս և կօգտվի 50% զեղչից, տվյալ դեպքում կվճարի 34 000 ՀՀ դրամ: Սակայն, ընկերության աշխատակիցը հավանական է համարում, որ «գները կրկին կբարձրանան» և պատմությունը կկրկնվի: Ըստ այդմ, եթե ԱՊՊԱ-ի գինը 1 տարի անց դառնա, օրինակ՝ 200 000 ՀՀ դրամ, ապա մեր վարորդը, որը այդ ժամանակ կունենա 4-րդ դաս, պետք է վճարի շուրջ 170 000 ՀՀ դրամ: Իսկ Նոր Հայաստանի գնաճի պայմաններում, 5 տարի անց, արդեն 1-ին դաս ունեցող վարորդից, ենթադրաբար կպահանջվի 1 կամ 2 միլիոն ՀՀ դրամ: Անունն էլ կդնեն, որ 50% զեղչով են ապահովագրում: Ճիշտ է ասում ապահովագրական ընկերության աշխատակիցը: Եթե «գները բարձրանան» (իսկ նրանք աներկբա կբարձրանան), ապա կարգապահ վարորդ լինելն այլևս իմաստ չի ունենալու»: