«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
38
Այսօր, 21:48
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմտամետների ու ռուսամետների կռիվը, որի մեջ հայ ազգի երևի թե կեսը «բարեհաջող» ներքաշված է, ոչ միայն մեր կռիվը չէ, այլև գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է։ Նախ՝ Ռուսական կայսրությունը պաշտոնապես ծնվեց, երբ ռուսները հաղթեցին Շվեդիային և կարողացան «դեպի Եվրոպա պատուհան բացել»։ Այսինքն Ռուսական կայսրության մեկնարկի վեկտորը դեպի Եվրոպա էր ուղղված։ Հիմա չթվարկեմ Ռուսաստանի գերմանական ծագմամբ կայսրուհիների անունները և մի կողմ դնեմ այն հանրահայտ փաստը, որ Ռուսաստանի վերջին ցարը գերմանական կայսրի և բրիտանական թագավորի մոտիկ ազգականն էր և շատ քիչ ռուսական արյուն ուներ... Կարևորն այն էր, որ 19րդ դարի սկզբներից Ռուսաստանը եվրոպական քաղաքական թատերաբեմի ակտիվ և եվրոպացիների համար ընդունելի դերակատար էր, իսկ ռուսական վերնախավը ֆրանսերեն ավելի լավ էր խոսում, քան ռուսերեն։ Իր հերթին ԽՍՀՄ-ն էլ ստեղծվեց կոմունիստական գաղափարախոսության հիմքի վրա, որն այդ պահին եվրոպական ամենաառաջադեմ գաղափարախոսություններից մեկն էր։ Երբ Սովետն էլ փլուզվեց, ռուսների առաջին իսկ մղումը էլի դեպի Եվրոպա էր։ Ռուսական մշակույթն իր ամեն ինչով եվրոպական է։ Նրանց, ովքեր սիրում են խորանալ «Բյուզանդիայի ժառանգ Ռուսաստան» լուսանցքային թեմայի մեջ, հուշեմ, որ բյուզանդականն էլ էր այնուամենայնիվ եվրոպական քաղաքակրթություն... Ոմանք էլ կասեն, թե ներկայիս բախման հիմքում Արևմուտքի գերլիբերալիզմի և Ռուսաստանի՝ դեպի պահպանողականություն ձգտումների հակասություններն են, բայց այդ կոնֆլիկտը կա հենց Արևմուտքի ներսում, այսինքն սա էլ ինչ-որ յուրահատուկ Արևմուտք-Ռուսաստան բաժանարար գիծ չէ։ ՌԴ ու Արևմուտք հակամարտությունը ոչ թե քաղաքակրթական է, այլ աշխարհաքաղաքական (մեծ հաշվով՝ nothing personal, just business բանաձևով նկարագրվող)։ Արևմուտքն ուզում է, որ Ռուսաստանը ռեսուրսների խոնարհ մատակարար լինի և դրանից ավելիի չհավակնի, Ռուսաստանն էլ ուզում է լինել «Արևմտյան աշխարհի» ասիչներից մեկը։ Եւ այս հակամարտության մեջ մեր հայ թե՛ արևմտամետները, թե՛ ռուսամետները լավ կլինի իրենք իրենց հարց տան. լավ, բա ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլը հայտարարում է, թե մենք գնում ենք Եվրոպա, բայց Եվրոպային ոչ միայն չենք մոտենում, այլ ավելի ու ավելի ենք հայտնվում Թուրքիայի և Ադրբեջանի գրկում, որից փչում է ասիական դեսպոտիայի հոտը։ Ինչպե՞ս է լինում, որ «հանուն ինքնիշխանության» կարգախոսի տակ մեր ինքնիշխանությունը օրեցօր քայքայվում է՝ սկսած գյուղատնտեսությունից և էներգետիկայից, Հայաստանի ռազմավարական նշանակության ճանապարհները Ադրբեջանին հանձնելուց, վերջացրած Բաքվից և Անկարայից թելադրվող քաղաքական որոշումներով։ Ընդունե՛ք, էլի, որ մի բան էն չի «Եվրոպայի» ձեր տեսլականի հետ, եթե այն ունի Իլհամ Ալիևի դեմքը... — Տատիկ ջան, տատիկ, ինչո՞ւ են ատամներդ այդքան մեծ և սուր։ — Որովհետև շատ համով ես, թոռնիկ ջան»: