Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Հակասությունների մեջ խճճված հասարակություն ենք»․ Մարգարիտ Եսայան

53
Այսօր, 16:36
«Հակասությունների մեջ խճճված հասարակություն ենք»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդ չգիտի՝ Սուրբ Խաչի տոնը նշի, ուրախանա, փառք տա Աստծուն, թե սեպտեմբերյան պատերազմների զոհերի հիշատակը հարգի, խոսի այդ մասին, մտորի։ Այսօր, եկեղեցական օրացույցի կարեւոր տաղավար տոներից է՝ Սուրբ Խաչի տոնը։
Բայց այսօր նաև 4 տարի առաջ ադրբեջանի կողմից սկսված հերթական ագրեսիայի օրն է ՀՀ ինքնիշխան տարածքների վրա, մեր տարածքների օկուպացիան, հետևանքը՝ 224 զոհ։
Մի քանի օրից՝ սեպտեմբերի 27-ից ենք խոսելու, հիշելու, տխրելու, զոհերի հիշատակը չմոռանալու։ Զավթիչները եկան-նստեցին ու, այդպես էլ չսովածացան, որ ռադները քաշեն։
Մի կարճ դրվագի ականատեսն էի քիչ առաջ։
Ուզում եմ պատմել, որովհետեւ շատ դիպուկ է նկարագրում մեր վիճակը, մեր հասարակության, պարզ մարդկանց տարբերվող, տարբեր, բայց՝ խորքում՝ նույնատիպ հոգեվիճակը։
Խանութ եմ մտել/անունը չեմ գրի, իմաստ չկա, ամեն տեղ էլ կարող էր պատահել/։ Երաժշտություն է, ինչպես շատ խանութներում։ Աշխատակիցներից մեկը, երիտաասարդ կին, մտավ սրահ ու լսելի ասաց․
-Էս երաժշտությունը ճի՞շտ է, անջատենք, էսօր պատերազմի օրն է, սգի օր։
Տարեց գանձապահը փորձեց ճշտել․
-Սգի օր չէ, լավ օր է, այսօր Սուրբ Խաչի օրն է։
-Մեկը միացավ․
-Աղջիկ ջան, պատերազմի օրը սեպտեմբերի 27-ն է, խառնում ես, էսօր սեպտեմբերի 13-ն է։
Աղջիկը չէր նահանջում․
-Ասում եմ, պատերազմի օր է, մի քանի հարյուր զոհ ենք տվել, Ջերմուկի տակ, իմ ընկերն էլ է զոհվել։
Ու լաց եղավ։
Մարդիկ շվարեցին։ Մեկը թե՝ «ախր ճիշտ է ասում էս երեխեն»։
Գանձարկղի մոտ կանգնած աշխատակցուհին հուզվեց․
-Էս ինչ կյանք, ինչքան պատերազմ տեսանք, ճիշտ է ասում, էս օրն էլ էր պատերազմ, էդ 4 տարի առաջ էր, տղաս նոր էր զորացրվել, ոտքի ելավ, թե էլի եմ գնում, չթողեցի։
Մարդիկ կուտակվեցին, քննարկում էին, թե սրանց գալուց հետո քանի պատերազմ են տեսել, ում հարազատը երբ եւ որտեղ է զոհվել կամ վիրավորվել։
Սա իրական պատմություն է, վավերագրության պես։
Մենք ամենօրյա վազքի մեջ շատ բաներ չենք հիշում, չենք նկատում, բայց ժողովրդի հիշողության ծալքերում պատերազմները երբեք չեն մոռացվում։
Իսկ խաղաղության մասին երբ լսում են, այլեւս չեն էլ քմծիծաղում, վախենում են, որովհետեւ սրանք, որքան շատ են խոսում խաղաղությունից, որը չկա եւ չի եղել սրանց օրոք, այնքան հավանական է դառնում պատերազմը՝ փոքր կամ մեծ։
Դե, ինչ ասեմ, Սուրբ Խաչը մեր երկրին պահապան»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան