«Ռուսաստանի հետ «սիլիբիլիները» չեն ավարտվել․ պարզապես դարձել են ընտրովի»․ Դավիթ Անանյան
64
Այսօր, 15:12
ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր»-ի անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին վստահեցնում էր, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին որևէ ծանուցում չի ներկայացրել, իսկ եվրոպական ուղղությունը Ռուսաստանի դեմ չէ։ Ընդամենը երկու օր անց նա հայտարարեց, որ ռուսական 102-րդ ռազմաբազան այլևս կենսական անհրաժեշտություն չէ, Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի հեռանալ, իսկ Հայաստանի երկաթուղու ռուսական կոնցեսիոն իրավունքները երրորդ կողմին փոխանցելը լավագույն տարբերակը կլինի։ Սակայն նույն հայտարարությունների շարքում Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը սպասում է «Ռոսատոմի» առաջարկին՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Հենց այստեղ է ամբողջ քաղաքականության հակասությունը։ Ռազմական ներկայության հարցում Ռուսաստանը ներկայացվում է որպես այլևս ոչ անհրաժեշտ ուժ, երկաթուղու հարցում՝ որպես հեռացման ենթակա կառավարիչ, ԵԱՏՄ-ի դեպքում՝ որպես դեռևս անհրաժեշտ շուկա, իսկ ատոմային էներգետիկայում՝ որպես հնարավոր երկարաժամկետ ռազմավարական գործընկեր։ Ռուսաստանի հետ «սիլիբիլիները», հետևաբար, չեն ավարտվել։ Դրանք պարզապես դարձել են ընտրովի, գործարքային և հանրությունից փակ։ Նոր ատոմակայանը սովորական տնտեսական պայմանագիր չէ։ Դրա ընտրությունը տասնամյակներով որոշելու է Հայաստանի տեխնոլոգիական կախվածությունը, միջուկային վառելիքի մատակարարումը, սպասարկման համակարգը, մասնագիտական կարողությունները և արտաքին ֆինանսական պարտավորությունները։ Հնարավոր չէ միաժամանակ հանրությանը պատմել ռուսական ռազմավարական ներկայության ավարտի մասին և երկրի հաջորդ էներգետիկ հենասյունը կրկին կառուցել Ռուսաստանի հետ՝ առանց բացատրելու, թե որն է ամբողջական պետական ռազմավարությունը։ Նույն անորոշությունն է նաև անվտանգության ոլորտում։ Տեսակետ կա, որ Ռուսաստանի ձևավորած անվտանգային համակարգը ձախողվել է, իսկ Մոսկվայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բազմիցս եղել է կոշտ, անհեռատես և տնտեսական կախվածությունները քաղաքական ճնշման վերածող։ Բայց «ձախողված» դաշնակցից հեռանալը դեռ ազգային քաղաքականություն չէ։ Ազգային քաղաքականություն կլիներ, եթե իշխանությունը ցույց տար՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր հեռացումից հետո ո՞ր իրական ուժն է պաշտպանելու Հայաստանը, ի՞նչ պարտադիր միջազգային երաշխիքներ են ձեռք բերվել և ինչպե՞ս է փակվելու անվտանգային բացը։ ԵՄ դիտորդական առաքելությունն անզեն քաղաքացիական կառույց է, իսկ հայ-ամերիկյան փաստաթղթերը Հայաստանի պաշտպանության պայմանագրային պարտավորություն չեն պարունակում։ Նույնը վերաբերում է տնտեսությանը։ Ռուսաստանի շուկային շարունակում է բաժին ընկնել Հայաստանի արտաքին առևտրի զգալի մասը, Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի եկել, ռուսական գազը շարունակում է կենսական դեր ունենալ, իսկ երկաթուղային ամբողջ համակարգը դեռ ռուսական կառավարման ներքո է։ Իշխանությունը չի ներկայացրել ո՛չ այդ կախվածությունների փոխարինման ժամանակացույցը, ո՛չ անցման արժեքը, ո՛չ արտահանողների և աշխատատեղերի պաշտպանության ծրագիրը։ Այս ամենը հետևողական արևմտամետ քաղաքականություն էլ չէ։ Փաշինյանը Արևմուտքին փոխանցում է ռուսական ներկայությունը սահմանափակելու պատրաստակամության ազդակ, Մոսկվային՝ ԵԱՏՄ-ում մնալու և էներգետիկ համագործակցությունը շարունակելու հավաստիացում, իսկ Հայաստանի հանրությանը՝ «այլընտրանքներ ստեղծելու» պատմություն։ Արդյունքում քաղաքականության առանձին քայլերն օբյեկտիվորեն համընկնում են տարբեր արտաքին կենտրոնների շահերի հետ։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շահագրգռված են Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության կրճատմամբ։ Թուրքիան և Ադրբեջանը՝ տարածաշրջանի հաղորդակցային ու անվտանգային համակարգից Ռուսաստանի մասնակի դուրսմղմամբ։ Ռուսաստանը, իր հերթին, պահպանում է Հայաստանի վրա ազդելու տնտեսական և էներգետիկ լծակները։ Միայն հայկական ազգային շահն է մնում առանց հստակ ձևակերպման, չափելի արդյունքի և պարտադիր երաշխիքի։ Խնդիրը Ռուսաստանին հակադրվելը չէ։ Միանգամայն հասկանալի և անհրաժեշտ կլիներ Ռուսաստանի շահերին հակադրվել՝ Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տնտեսական անկախությունն առաջ տանելու համար։ Բայց այսօր տեսնում ենք այլ պատկեր: Ռուսաստանի շահերը հետ են մղվում այնտեղ, որտեղ դա ձեռնտու է երրորդ ուժային կենտրոններին, և պահպանվում այնտեղ, որտեղ իշխանությանը դեռ անհրաժեշտ են ռուսական ռեսուրսները։ Սա արտաքին քաղաքական հավասարակշռություն չէ։ Սա չապահովագրված աշխարհաքաղաքական սակարկություն է։ Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն։ Նա հին կախվածություններն ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը և երկիրը դնում մրցակցող արտաքին ուժերի շահերի բախման կիզակետում»։