«Տաքացման հետևանքով հազարավոր կետեր են հասել Գրենլանդիայի ափեր». Լևոն Ազիզյան
63
Այսօր, 10:42
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տաքացման հետևանքով հազարավոր կետեր են հասել Գրենլանդիայի ափեր․ նրանք տարեկան շուրջ մեկ միլիոն տոննա կեր են սպառում. Վերջին տասնամյակների ընթացքում Արևելյան Գրենլանդիայի ափերի մոտ զգալիորեն ավելացել է բեղավոր կետերի քանակը։ Այժմ այստեղ պարբերաբար սնվում են ֆինվալները, սապատավոր կետերը և փոքր զոլավոր կետերը՝ հասնելով առնվազն մինչև հյուսիսային լայնության 70-րդ զուգահեռական։ Գիտնականների կարծիքով՝ այս փոփոխությունների հիմնական պատճառներից են ծովի տաքացումն ու ծովային սառույցի կրճատումը, ինչի հետևանքով կետերի համար հասանելի են դարձել նախկինում գրեթե փակ կերային տարածքները։ Հետազոտողները վերլուծել են 2015 և 2024 թվականներին իրականացված օդային դիտարկումները, կետերի արբանյակային հետևման տվյալները, ինչպես նաև ծովի մակերևույթի ջերմաստիճանի և ծովային սառույցի վերաբերյալ տեղեկությունները։ Գնահատումների համաձայն՝ ուսումնասիրված տարածքում ամռանը գտնվում է մոտ 4 հազար սապատավոր կետ, 6 հազար ֆինվալ և մինչև 6 հազար փոքր զոլավոր կետ։ Ընդ որում՝ իրական թվերը կարող են ավելի մեծ լինել, քանի որ դիտարկված կենդանիների մի մասի տեսակը հնարավոր չի եղել հստակ որոշել, իսկ կետեր հանդիպում են նաև ուսումնասիրված տարածքից ավելի հյուսիս։ Հատկապես տպավորիչ է սապատավոր կետերի թվաքանակի աճը։ Մինչև 2007 թվականը նավերից կատարվող դիտարկումների ժամանակ դրանք տարածաշրջանում գրեթե չէին հանդիպում։ 2007-ին գրանցվել էր ընդամենը 7 դիտարկում, 2015-ին՝ 26, իսկ արդեն 2024 թվականին հետազոտողները հաշվել են ավելի քան 150 սապատավոր կետ։ 2025 թվականին նույնիսկ դիտվել են անսովոր մեծ խմբեր՝ միաժամանակ 20 և անգամ 50 առանձնյակ։ Գիտնականներն այս փոփոխությունները կապում են Արևելյան Գրենլանդիայի կլիմայական և օվկիանոսային պայմանների վերափոխման հետ։ 1981–2024 թվականների ծովի մակերևույթի ջերմաստիճանի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մոտավորապես 2000 թվականից հետո նկատվել է էական փոփոխություն․ ամռանն ու աշնանը ջրի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1°C-ով։ Միաժամանակ նվազել է ծովային սառույցի խտությունը, հատկապես ամառային և աշնանային ամիսներին։ Նախկինում խիտ դրեյֆող սառույցները սահմանափակում էին ֆինվալների, սապատավոր և փոքր զոլավոր կետերի մուտքը դեպի ափամերձ ջրեր։ Այժմ սառույցի նահանջի հետևանքով նրանք կարողանում են հասնել այն կերային տարածքներ, որոնք նախկինում գրեթե անհասանելի էին։ Սակայն կետերը պարզապես չեն տեղափոխվել սառույցից ազատված ջրեր։ Փոխվել է նաև նրանց կերային բազայի բաշխումը։ Մասնավորապես՝ մոյվա կոչվող փոքր վտառային ձուկը, որը կարևոր դեր ունի Արկտիկայի սննդային շղթայում, 2003 թվականից հետո սկսել է ավելի հաճախ Իսլանդիայի հյուսիսային հատվածներից տեղափոխվել դեպի Գրենլանդիայի մայրցամաքային շելֆ։ Արդյունքում մեծ քանակությամբ կեր է հայտնվել հենց այն տարածքներում, որտեղ այժմ կենտրոնանում են կետերը։ Գիտնականները փորձել են նաև հաշվարկել, թե երեք տեսակի բեղավոր կետերը որքան սնունդ են սպառում տարածաշրջանում։ Հաշվարկներում հաշվի են առնվել կենդանիների քանակը, մարմնի զանգվածը, օրական կերի պահանջը և Արևելյան Գրենլանդիայի ջրերում գտնվելու տևողությունը։ Եթե որպես կերակրման շրջան ընդունվի մոտ 120 օր կամ չորս ամիս, ապա պահպանողական գնահատմամբ կետերը սպառում են ավելի քան 800 հազար տոննա կեր։ Իսկ եթե հաշվի առնվի ամռանը նրանց սնվելու բարձր ինտենսիվությունը, ընդհանուր քանակը կարող է գերազանցել տարեկան մեկ միլիոն տոննան։ Գիտնականները, սակայն, ընդգծում են, որ սա մոտավոր գնահատական է, ոչ թե ճշգրիտ թիվ․ ամենամեծ անորոշությունը կապված է կետերի իրական թվաքանակի և նրանց օրական կերի սպառման հետ։ Այս փոփոխությունը կարող է զգալի ազդեցություն ունենալ ամբողջ էկոհամակարգի վրա։ Մոյվան Արկտիկայի սննդային ցանցի առանցքային օղակներից է․ դրանով սնվում են տարբեր ձկներ, ծովային թռչուններ և ծովային կաթնասուններ, իսկ ինքը՝ մոյվան, սնվում է, մասնավորապես, կրիլով։ Այժմ այդ սննդային էներգիայի զգալի մասը բաժին է հասնում տարածաշրջանում ավելացած բեղավոր կետերին։ Գիտնականներն այս գործընթացն անվանում են Արևելյան Գրենլանդիայի «բարեխառնացում»՝ ավելի տաք հյուսիսային լայնություններին բնորոշ տեսակների աստիճանական ներթափանցում դեպի Արկտիկա։ Այսպիսով, կլիմայի տաքացումը փոխում է ոչ միայն Գրենլանդիայի սառցային պայմանները, այլև ամբողջ ծովային էկոհամակարգի կառուցվածքն ու սննդային կապերը»։