Երևան`   +31 °C
Այսօր`   Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ.

««Արցախ» աշխարհագրական անվան կիրառումը նշանակում է՝ լինել տեղեկացված և իմանալ պատմություն»․ Տաթևիկ Հայրապետյան

81
Այսօր, 12:30
««Արցախ» աշխարհագրական անվան կիրառումը նշանակում է՝ լինել տեղեկացված և իմանալ պատմություն»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին շրջանում «Արցախ» բառի օգտագործումն ընկալվում է որպես «համարձակության» դրսևորում, իսկ եթե դա անում են այլ երկրների ներկայացուցիչներ, ապա համարվում է «հայամետ դիրքորոշման» դրսևորում։ Իրականում «Արցախը» աշխարհագրական տերմին է, որը կիրառվում է նաև գիտական ոլորտում, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս։ Փոքրիկ հիշեցում նրանց համար, ովքեր չգիտեն, թե որտեղից է ծագում «Արցախ» բառը։
«Արցախը» հնագույն պատմաաշխարհագրական տեղանուն է, որը հայկական գրավոր ավանդության մեջ գործածվել է դարեր շարունակ։
-Մի շարք հետազոտողներ այն կապում են ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակված հնագույն տեղանունների, առաջին հերթին՝ Ուրտեխե/Ուրտեխինիի հետ։
Անտիկ աղբյուրներում այն տարածաշրջանը, որը ավանդաբար նույնացվում է Արցախի հետ, հիշատակվում է որպես Օրխիստենե (Orchistene)։ Ստրաբոնը «Աշխարհագրություն» աշխատության մեջ Օրխիստենեն անվանում է Հայաստանի տարածքներից մեկը և նշում դրա ռազմական նշանակալի ներուժը։
- Հույն-հռոմեական և հայ հեղինակները հստակ վկայում են, որ Արցախը և հարակից Ուտիք նահանգը, որը նույնպես գտնվում էր Կուր գետի աջ ափին, կազմում էին Հայաստանի մասը, որի սահմանը Աղվանից թագավորության հետ անցնում էր Կուր գետով։
- Որոշ վարկածների համաձայն՝ արդեն մ.թ.ա. VII դարում այս տարածքներում բնակություն են հաստատել ներկայիս հայերի նախահայրերը։ Մ.թ.ա. IV դարում Մեծ Հայքի թագավորության ձևավորումից հետո այս տարածքը դարձավ նրա տարածքային կորիզի հյուսիսարևելյան ծայրամասը։ Ընդ որում, «ծայրամաս» հասկացությունը հարաբերական է․ տարբեր դարերում Մեծ Հայքի կազմում, որը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, ընդգրկված են եղել նաև զգալիորեն ավելի հյուսիս և արևելք գտնվող տարածքներ։ Հենց այդ ժամանակ ներկայիս Լեռնային Ղարաբաղը կոչվում էր Արցախ, իսկ Դաշտայինը՝ Ուտիք, իսկ «Ղարաբաղ» տերմինն այդ ժամանակ դեռ գոյություն չուներ։
- Արցախի պատմությունը, որը հետագայում անվանվեց Լեռնային Ղարաբաղ, շատ երկար է, և այս թեմայով գոյություն ունի ընդարձակ գիտական գրականություն։ Ես նպատակ չունեմ այս թեման ներկայացնել մեկ հրապարակման շրջանակում։ Իմ նպատակը պարզապես ասելն է․ մենք «Արցախ» բառը երկու օր առաջ չենք հորինել։ Սա պատմական տեղանուն է, որի մասին պատմական աղբյուրներում հիշատակումները շատ են։ Ընդամենը պետք է իմանալ դրանք։
Իսկ ահա այն հորինված և զավթողական անվանումները, որոնցով հարևան երկրում անվանում են մեր երկիրը, նրանք իսկապես իրենք են հորինել՝ իրենց բռնապետի հիվանդ ուղեղում, որը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում։ Սա արդեն որևէ պատմական քննություն չի բռնում։
Այսպիսով, «Արցախ» աշխարհագրական անվան կիրառումը հայամետ դիրքորոշման դրսևորում չէ և ոչ էլ համարձակության նշան։ Դա նշանակում է՝ լինել տեղեկացված և իմանալ պատմություն։
Պետք չէ պատմությունն ու պատմական փաստերը խառնել զավթողական ծրագրերի հետ…»։