«Արդյո՞ք ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ առաջանում էին ՀՀԿ-ի իշխանության ժամանակ»․ Էդուարդ Շարմազանով
57
Այսօր, 02:06
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ ՀԱՊԿ պետության նախագահները ոչ միայն ՀՀ ինքնիշխան տարածքն էին ճանաչում, այլ նաև՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները վերջին տարիներին ակնհայտ խնդրահարույց են։ Մենք մեր կարծիքը բազմաթիվ անգամներ հայտնել ենք, որ ժամանակին չէր կարելի առանց ՀԱՊԿ պետության ղեկավարներին տեղեկացնելու քրեական գործ հարուցել ու հետապնդել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Նշել ենք նաև, որ խնդրահարույց էր 2022-ի նոյեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից համաձայնեցված հայտարարությունից վերջին պահին հրաժարվել, այն էլ՝ հրապարակային։ Միևնույն ժամանակ բարձրաձայնել ենք նաև ՀԱՊԿ թերացումների և ոչ արդյունավետ քայլերի մասին։ Բայց այստեղ կա մեկ հարց։ Իսկ արդյո՞ք նման խնդիրներ առաջանում էին ՀՀԿ-ի իշխանության ժամանակ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքներով՝ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն ընդունել են հայտարարություն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որը պաշտոնապես հրապարակվել է հոկտեմբերի 18-ին։ Հայտարարությունում ասված է․«Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա»: 2016-ի հոկտեմբերին հրապարակված ՀԱՊԿ կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությունը դրական էր ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության տեսանկյունից։ Նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերի շնորհիվ ՀԱՊԿ-ը, չնայած այդ կառույցում այնպիսի երկրների մասնակցությանը, ինչպիսիք են Ղազախստանը, Ղրղըզստանը կամ Բելառուսը, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ միասին ստորագրում էին Արցախի հիմնախնդրին վերաբերող հայանպաստ փաստաթղթի տակ: Այս փաստն ակնհայտ ի ցույց էր դնում այդ կազմակերպությունում Հայաստանի դիրքորոշման ընկալման մասին։ Ավելին. կազմակերպության առաջնորդներն իրենց աջակցությունն էին հայտնում 2016-ի մայիսին և 2016-ի հունիսին ընդունված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարություններին, ինչպես նաև իրենց աջակցությունն էին հայտնում Ղարաբաղյան կարգավորման հայտնի սկզբունքներին ու այդ թվում ազգերի ինքնորոշման սկզբունքին։ Հիմա գործող ռեժիմի ներկայացուցիչները փորձում են մոռացության տալ այս փաստը: Ասածս ի՞նչ է. երբ Հայաստանն ուներ պետական ու ազգային շահը սպասարկող առաջնորդ՝ ՀԱՊԿ-ը լավ էլ հայանպաստ հայտարարություններ ընդունում էր։ Իսկ երբ պետության ղեկին են հայտնվում ազգային շահը ոչ առաջնային համարող գործիչներ, ունենում ենք այսօրվա խնդիրներով լի վիճակը։ Ինչպես կասեր Գարեգին Նժդեհը. «Մեր դժբախտությունների պատճառը նախ և առաջ պետք է փնտրել մեր մեջ…»»։