Երևան`   +30 °C
Այսօր`   Երկուշաբթի, 17 օգոստոսի, 2026 թ.

«Մենք չէինք հատում․ մենք բուժում էինք»․ Քրիստինա Վարդանյան

75
Այսօր, 12:54
«Մենք չէինք հատում․ մենք բուժում էինք»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՎՆԱՍԱՏՈՒՆ ԾԱՌԻ ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ ՉԷ
Այս լուսանկարները 2020 թվականից են։
Երբ Երևանի ծառերից մեկի հաստ, բազմաշերտ և ճաքճքած կրաշերտը քանդեցի, դրա տակ հայտնաբերեցի թեղու տերևակեր բզեզի թրթուրները, հարսնյակներն ու հասուն առանձնյակները՝ չքնաղ թեղին «ոջլոտ» ծառ դարձնելու մեղավորին։
Թրթուրներն իջնում էին սաղարթից և այդտեղ հարսնյակավորվում, իսկ հասուն բզեզները պաշտպանված ճեղքերում ձմեռում էին։ Գարնանը նրանք կրկին անցնում էին սաղարթին, սնվում և ձվադրում։ Նոր սերնդի թրթուրներն ուտում էին տերևների հյուսվածքը՝ թողնելով միայն ջղերը և աստիճանաբար մերկացնելով ծառը։
Իսկ թեղին Երևանի կանաչ ֆոնդի հիմնական ծառատեսակներից էր։
Այսինքն՝ խնդիրը մեկ ծառի կամ մեկ փողոցի չէր։ Ամբողջ քաղաքում տարիներով կուտակված կրաշերտերը վնասատուի զարգացման, հարսնյակավորման և ձմեռման պաշտպանված վայրեր էին դարձել։
Ես հանձնարարեցի մաքրել ոչ թե մեկ ցուցադրական հատված, այլ ամբողջ Երևանի ծառաբները։ Քաղաքից հեռացվեցին տոննաներով հին կրաշերտեր՝ դրանց տակ թաքնված թրթուրների, հարսնյակների և բզեզների հետ միասին։
Սա գեղագիտական նախաձեռնություն չէր։ Սա վնասատուի դեմ մեխանիկական պայքար էր՝ ամբողջ քաղաքի մասշտաբով։
Մենք ընտրեցինք այդ դժվար ճանապարհը, որովհետև հասկանում էինք հասուն ծառի իրական արժեքը։ Տասնամյակներով ձևավորված սաղարթը ստվեր է ստեղծում, զովացնում փողոցը, կլանում փոշին ու աղտոտիչները։ Նորատունկ ծառը չի կարող հաջորդ օրը փոխարինել այդ ամենին։
Հասուն ծառի կյանքի յուրաքանչյուր պահպանված տարին արժեք էր քաղաքի համար։ Այդ պատճառով մենք պայքարում էինք նրա կյանքի համար, ոչ թե հիվանդությունն ու վնասատուին դարձնում զանգվածային հատման հիմնավորում։
Այսօր Երևանում թեղիները փողոց առ փողոց զանգվածաբար հատվում են։ Դա անվանում են «փոխարինում» և պատճառաբանում ծառերի տարիքով, հիվանդություններով ու վնասատուներով։
Բայց ծառի տարիքն ինքնին ախտորոշում չէ, իսկ վնասատուի առկայությունը՝ հատման ցուցում։ Դա նախ և առաջ ախտորոշելու, պայքարելու և բուժելու պատճառ է։
Այո՛, վթարային և փրկության ոչ ենթակա ծառերը մենք նույնպես հեռացնում էինք։ Բայց մեկ ծառի վիճակը չէինք դարձնում ամբողջ փողոցի դատավճիռ։
Մենք պայքարում էինք վնասատուի դեմ, ոչ թե ծառերի՝
-մեխանիկական պայքարով հեռացնում էինք տերևակերի գաղութները,
-արգելեցինք քաղաքում խորը էտը,
-զանգվածային սրսկման աշխատանքներ էինք կատարում և կայունացնում վարակը։
Ի՞նչ էր արվում մինչև մեզ՝ 30 տարի խորը էտով ծառ էին «բուժում» այն նույն մարդիկ, ում ստորագրությամբ այսօր հազարավոր հասուն ծառեր են հատվում և ոչնչացվում են Երևանի կանաչ միջանցքները, որոնք վերականգնման ենթակա կլինեն տասնամյակներ անց, այն էլ գրագետ փոխարինման դեպքում, ոչ թե կարճլիկ ցախավելների, կամ գնդիկների իրացմամբ։ Ամենը գրում և թողնում եմ համացանցում, որ պարզ երևա կատարվածի ժամանակագրությունը՝ ով և ինչ արեց Երևանի կանաչ ֆոնդի հետ։
Մենք չէինք հատում։ Մենք բուժում էինք»։