Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում
75
Երեկ, 23:42
Եվրոպայի հայերի համագումարը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը՝ հատկապես Եվրոպական երկրներում։ Հայտնում է «Նիդերլանդական օրագիր»-ը։
«Դատապարտում ենք:
Եվրոպայի հայերի համագումարը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը՝ հատկապես Եվրոպական երկրներում։ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետազոտող Զարիֆա Հագվերդիևայի «Երևան՝ իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը կազմակերպվել է Ադրբեջանի դեսպանատան, պետական կառույցների եւ այսպես կոչված «Շվեդիա-Ադրբեջան միության» կողմից: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանը ներկայացնել որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»՝ նշանակում է փորձել ժխտել հայ ժողովրդի հազարամյակների պատմական և մշակութային ժառանգությունը։ Սա մշակույթ չէ, այլ գիտակցված քարոզչական արշավ, որի նպատակն է տարածել Ադրբեջանի պաշտոնական նարատիվը Շվեդիայում եւ այլ երկրներում։ Ադրբեջանական այս միությունը (SAF-ը) Ստոկհոլմում գրանցված է որպես մշակութային և համագործակցության միություն, սակայն նրանց գործունեությունը ցույց է տալիս, որ նրանք իրականում գործում են, սերտ կապերով Ադրբեջանի կառավարության և դեսպանատան հետ, որպես կցորդ միություն։ Պետական նարատիվների և պատմության կեղծիքների տարածմամբ նրանք խախտում են այն օրինաչափությունը, որը սպասվում է մշակութային միությունից ժողովրդավարական երկրում։ Ավելին, SAF-ը ոչ միայն սերտորեն համագործակցում է պետական կառույցների հետ, այլև ստանում է ֆինանսական աջակցություն Բաքվի կառավարությունից։ Այսօր, երբ թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը պաշտոնապես խոսում են խաղաղության և հաշտության մասին, առավել վնասակար է տարածել քարոզչություն, որը հիմնված է կեղծիքների և պատմական վերաշարադրումների վրա։ Նման գործունեությունը վտանգում է խաղաղության գործընթացը և խորացնում է պառակտումը։ Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում Շվեդիայի հասարակությանը լինել զգոն և չխաբվել քաղաքականապես մոտիվացված կեղծիքներով։ Մշակութային միությունները պետք է նպաստեն երկխոսությանը, փոխըմբռնմանը և հարգանքին՝ այլ ոչ թե պառակտմանը և կեղծարարությանը։ Եվրոպայի հայերի համագումար Շվեդիա, Ուփսալա 15 օգոստոս 2026»,- նշված է հաղորդագրության մեջ։