ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Չափազանց կարևոր ազդակ Իրանից․ ինչո՞ւ իշխանությունը չի խոսում հնարավոր ռիսկերի մասին․ TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավիի՝ ըստ հրապարակումների տարածված հայտարարությունը չի կարելի դիտարկել որպես հերթական դիվանագիտական մեկնաբանություն։ Ըստ հրապարակված հայտարարության՝ Թեհրանը TRIPP-ն իր ներկայիս ձևաչափով դիտարկում է որպես Իրանի ազգային անվտանգության համար սպառնալիք, հատկապես այն դեպքում, եթե նախագիծը ենթադրում է ամերիկյան ռազմական կամ այլ ուժային ներկայություն։ Այս հայտարարությունից հետո Հայաստանի իշխանություններին ուղղված մի շարք սկզբունքային հարցեր այլևս հնարավոր չէ շրջանցել։ Ինչո՞ւ է TRIPP-ը Հայաստանի հանրությանը ներկայացվում հիմնականում որպես տնտեսական և տրանսպորտային հնարավորություն։ Ինչո՞ւ հնարավոր տնտեսական օգուտների մասին խոսելիս պատշաճ կերպով չեն ներկայացվում նաև նախագծի աշխարհաքաղաքական և անվտանգային հնարավոր ռիսկերը։ Կարելի է համաձայնել կամ չհամաձայնել Թեհրանի դիրքորոշման հետ։ Սակայն անտեսել այն հնարավոր չէ։ Խոսքը Իրանի մասին է՝ Հայաստանի երկու անմիջական հարևաններից մեկի, որի հետ մեր երկիրն ունի բաց և ռազմավարական նշանակություն ունեցող սահման։ Եվ, ըստ հրապարակման, Իրանի բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչը խոսում է «կարմիր գծերի», ազգային անվտանգության համար սպառնալիքի և հնարավոր պատասխան քայլերի մասին։ Հետևաբար սա այլևս պարզապես ճանապարհի կամ տնտեսական հաղորդակցության հարց չէ։ Սա Սյունիքի ապագայի, հայ-իրանական սահմանի, արտաքին ուժերի հնարավոր ներկայության և Հարավային Կովկասում ձևավորվող անվտանգության նոր ճարտարապետության հարց է։ Եթե Հայաստանի իշխանությունները վստահ են, որ TRIPP-ի նախատեսվող ձևաչափը Հայաստանի համար լրացուցիչ վտանգներ չի ստեղծում, ապա պարտավոր են դա բաց և փաստարկված ներկայացնել հասարակությանը։ Պետք է հստակ պատասխանել՝ ինչպե՞ս են գնահատվում Իրանից հնչող նման ազդակները, ի՞նչ անվտանգային երաշխիքներ ունի Հայաստանը, և ինչպե՞ս է նախատեսվում կանխել մեր տարածքում կամ դրա շուրջ տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի շահերի հնարավոր բախումը։ Բավական է հասարակությանը ներկայացնել իրականության միայն հարմար հատվածը։ Հայաստանի քաղաքացին իրավունք ունի իմանալ ամբողջ պատկերը՝ ոչ միայն հնարավոր տնտեսական օգուտները, այլև քաղաքական գինը, անվտանգային ռիսկերը, տարածաշրջանային հնարավոր հետևանքները և հարևան պետության հրապարակայնորեն հայտարարված «կարմիր գծերը»։ Հայաստանի ազգային անվտանգությունը պահանջում է ոչ թե գեղեցիկ կարգախոսներ և կիսատ ճշմարտություններ, այլ սթափ հաշվարկ, պատասխանատու քաղաքականություն և սեփական ժողովրդի հետ բաց ու ազնիվ խոսակցություն»։