«Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումը ապօրինի է»․ Արսեն Բաբայան
51
Այսօր, 16:48
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է նաև այն պատճառով, քանի որ շրջանցվել է Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու պարտադիր պայմանը: Այսպես. Ինչպես հաստատել է ՄԻԵԴ-ը Էկլեի գործով, քրեական մեղադրանքը (հետապնդումը) ինքնավար հասկացություն է և չի պահանջում պաշտոնական թղթային որոշում։ Այն սկսվում է, երբ անձի դրությունն «էապես վատթարացվում է» իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում: - Մայիսի 11-ի գաղտնալսումները և ներքին դիտումները. Թեև այս գործողությունները գաղտնի են և անձը կարող էր դրանց մասին չիմանալ, դրանք ակնհայտորեն վկայում են, որ պետությունը նրան թիրախավորել էր որպես ենթադրյալ հանցագործություն կատարած անձի։ Մայիսի 24-ին քննչական մարմինն այդ գաղտնալսումը հրապարակել է այդպիսով հայտնի դարձնելով նաև պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: - Մայիսի 22-ի խուզարկությունները. Սա բեկումնային պահն է: Երբ մայիսի 22-ին պատգամավորի բնակարանում, աշխատասենյակում և մեքենայում իրականացվել են խուզարկություններ, նրա վիճակը ակնհայտորեն և էապես վատթարացել է: Նա փաստացի ձեռք է բերել կասկածյալի կարգավիճակ, քանի որ այդ կասկածն ամրագրված է եղել հենց խուզարկության թույլտվության որոշման մեջ: Ըստ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի՝ խուզարկությունը հանդիսանում է դրության էական շոշափման դասական օրինակ: Հետևաբար, ըստ Կոնվենցիայի իմաստի, մայիսի 22-ից պատգամավորի նկատմամբ սկսվել է փաստացի քրեական հետապնդում: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածը երաշխավորում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ (բացառությամբ հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո բռնվելու դեպքերի): - Այն փաստը, որ վարույթն իրականացնող մարմինը մինչև օգոստոսի 2-ը (երբ դադարեցին ԱԺ 8-րդ գումարման լիազորությունները) ձևականորեն չի կայացրել «հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում», իրավական խաբկանք է: - Պետությունը, քաջ գիտակցելով անձի՝ պատգամավորի կարգավիճակը և անձեռնմխելիությունը հաղթահարելու համար ԱԺ համաձայնություն ստանալու սահմանադրական պահանջը, կիրառել է դատավարական հնարք. անձի նկատմամբ փաստացի իրականացրել է քրեական հետապնդմանն ուղղված բոլոր ինտենսիվ գործողությունները (գաղտնալսում, խուզարկություն), սակայն արհեստականորեն հապաղել է պաշտոնական կարգավիճակ տալ՝ սպասելով անձեռնմխելիության ժամկետի ավարտին (օգոստոսի 2): - Սահմանադրությամբ նախատեսված պատգամավորի անձեռնմխելիությունը կոչված է պաշտպանելու պատգամավորին ոչ միայն թղթի վրա գրված «մեղադրյալ» բառից, այլ պետական հարկադրանքի փաստացի մեքենայից: Քանի որ փաստացի հետապնդումը սկսվել է մայիսի 22-ին, գլխավոր դատախազը պարտավոր էր դիմել Ազգային ժողով՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար: Դա չանելը ողջ պրոցեսը դարձրել է ապօրինի»: