«ԱԺ ընտրությունների արդյունքներն առաջացրեցին նոր մարտահրավերներ»․ Անդրանիկ Թևանյան
53
Այսօր, 10:30
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․ «ԱԺ ընտրությունների արդյունքները ոչ թե հնարավորություններ ստեղծեցին մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու կամ դրանց հետևանքները թուլացնելու համար, այլ խորացրեցին խնդիրները և առաջացրեցին նոր մարտահրավերներ, որոնք գոյաբանական նշանակություն ունեն։ Այս ընտրությունները և վարվող ներքին, արտաքին քաղաքականությունը նվազեցրեցին ՀՀ անկախության և միջազգային հարաբերություններում մեր սուբյեկտայնության մակարդակները։ Մեզ ներկայացվող պահանջները և Հայաստանի ներսից գեներացվող խնդիրները ճակատագրական և ողբերգական հետևանքների կարող են հանգեցնել։ Դրսի տարբեր շրջանակներից (Թուրքիա, Ադրբեջան, ԵՄ և այլն) մեզ պարտադրում են՝ 1. ՀՀ սահմանադրության փոփոխություն և ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարում, 2. Սահմանագծման և սահմանազատման անվան տակ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումներ Ադրբեջանին («անկլավների» տեսքով), 3. Ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, 4. «Զանգեզուրի միջանցքի» հանձնում, 5. Ամբողջական հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, 6. Հայաստանի դենացիֆիկացիա և դեմիլիտարիզացիա, 7. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքար՝ հոգևոր և համահայկական այդ կառույցի կազմաքանդման նպատակով, 8. Արցախցիների վերադարձի իրավունքի բացառում, 9. Հրաժարում Արցախի դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների դեմ միջազգային հայցերից, 10. Մեծամորի ատոմակայանի փակում, 11. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերում, 12. ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի դե յուրե հեռացում, 13. Հայ-ռուսական հարաբերությունների թշնամացում՝ ուկրաինական և մոլդովական տարբերակների տեղական դրսևորումներով (նաև՝ Սահակաշվիլու կառավարման ժամանակահատվածի վրացական տարբերակով), 14. Հակաիրանական քաղաքականության իրականացում, 15. Հայաստանի անվտանգային ճարտարապետության փլուզում՝ առանց իրական այլընտրանքների և երաշխիքների, 16. Հայաստանի երկաթգծի օպերատորի փոփոխություն՝ հանձնելով թուրքական աշխարհի երկրների ներկայացուցիչներից մեկին։ Ներքին քաղաքականությամբ պայմանավորված մարտահրավերներն են (դրանց մի մասը նաև դրսից են հրահրվում)՝ 1. Ներհասարակական պառակտումը և ատելության մթնոլորտի ձևավորումը, 2. Քաղաքական հետապնդումները, «դատաիրավական» գործիքներով այլակարծության ոչնչացումը, քաղբանտարկյալների աննախադեպ քանակը։ 3. Դատաիրավական համակարգի գրեթե 100-տոկոսանոց կախվածությունը գործադիր իշխանության պարագլխից, 4. ԱԺ ընտրություններից հետո ձևավորվելիք «նոր» գործադիր իշխանության ոչ լեգիտիմությունը, 5. Օրենսդիր մարմնի ոչ լեգիտիմությունը (ընտրությունները «պաշտոնապես» և ուղիղ եթերում կեղծվել են), 6. Մասնավոր սեփականության կոպիտ և ապօրինի վերաբաշխումը, նեոբոլշևիկյան խաղի կանոնների հաստատումը, սեփականության ինստիտուտի ոչնչացումը, «պետական» ռեկետը, ամբողջատիրական (տոտալիտար) իշխանական համակարգի ձևավորումը, 7. Հայ-ռուսական հարաբերություններում դիվանագիտական և տնտեսական պատերազմի խորացումը՝ ՀՀ-ի համար տնտեսաքաղաքական և անվտանգային լրջագույն հետևանքներով, 8. ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վատացումը, 9. Գազի գնի հնարավոր թանկացումը և էներգետիկ ճգնաժամի ուրվագծումը, 10. Սպառողական վարկերի ծավալների առաջանցիկ տեմպերի ավելացմամբ պայմանավորված՝ բանկային ոլորտում վարկային ճգնաժամի հեռանկարը, 11. Գյուղատնտեսական ոլորտի կաթվածահար վիճակը, 12. Պետական կառավարման համակարգի կոռումպացվածությունը և պետական կառավարման ցածր որակը, 13. Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի հավանականության մեծացումը, 14. Հայաստանն առանց դաշնակիցների թողնելն ու ՀՀ-ն «Պրահա-2» տարբերակով Արցախի ճանապարհով տանելը։ Ներքին և արտաքին գործոններով պայմանավորված մարտահրավերների և խնդիրների մեծ մասը սուբյեկտիվ ծագում ունեն։ Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները դեռևս կարող են շտկել իրավիճակը և հաղթահարել մարտահրավերները։ Բայց պետք է իմանալ, որ ունենք ժամանակի սղության խնդիր։ Հետևաբար՝ պետք է ռացիոնալ օգտագործել ժամանակի ռեսուրսը՝ հանրային լայն համախմբում և դիմադրողականություն ապահովելու համար։ Մենք այդ պոտենցյալն ունենք։ Ես հավատում եմ, որ կարողանալու ենք իրացնել այդ պոտենցյալը։ Դա քաղաքական խնդիր է, և այդ խնդիրը քաղաքական դաշտում պետք է լուծվի»։