Երևան`   +33 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2026 թ.

«Պարտադրված ու միակողմանի զիջումներով լի գործընթացը չի կարող երաշխավորված ու երկարաժամկետ խաղաղության հանգեցնել»․ Էդուարդ Շարմազանով

54
Այսօր, 16:42
«Պարտադրված ու միակողմանի զիջումներով լի գործընթացը չի կարող երաշխավորված ու երկարաժամկետ խաղաղության հանգեցնել»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Անարդար, պարտադրված ու միակողմանի զիջումներով լի գործընթացը չի կարող երաշխավորված ու երկարաժամկետ իրական խաղաղության հանգեցնել։
Հիշեցնեմ, որ դեռևս 2024-ի հուլիսին հրապարակվեց ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմս Օ՚Բրայենի ելույթը,որի համաձայն ԱՄՆ-ն ձգտում է, շրջանցելով ՌԴ-ն և Չինաստանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջոցով տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
Ավելին. ԱՄՆ պաշտոնյան դա ասել էր Ռուսաստանի դեմ տնտեսական հակաքայլեր անելու կոնտեքստում, որը կհանգեցներ ՌԴ-ի ստրատեգիական պարտությանը։
Գաղտնիք չէ, որ ի սկզբանե Արևմուտքը ՌԴ-ի դեմ պայքարի կարևոր պլացդարմ դիտարկում էր Վրաստանը, սակայն ստանալով վրացիների մերժումը՝ հայացքն ուղղեց դեպի Հայաստան։
Մի քանի տարի առաջ Վրաստանի իշխանությունները նույնիսկ հայտարարեցին Արևմուտքի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։
Իսկ իշխող «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մամուլի հրապարակումների համաձայն նույնիսկ հրաժարվեց հանդիպել Թբիլիսի ժամանած ամերիկյան պաշտոնյաների հետ։
Կարելի է ենթադրել, որ Վրաստանի իշխանության նման վարքագիծը «ստիպեց» Արևմուտքին հայացքն ուղղել դեպի Հայաստան։
Բաց տեքստով Օ՚Բրայենը խոսում էր Ադրբեջանի ու Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության անհրաժեշտության մասին, որը փաստացի հակասում էր Իրանի, ՌԴ-ի և ինչու ոչ՝ Չինաստանի շահերին։
Ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիայի երկրներն Ադրբեջանով, Հայաստանով ու Թուրքիայով կապող տրանսպորտային նախագծի իրագործումն անհավանական էր, քանի դեռ կար Արցախի հիմնախնդիրը։
Իսկ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո նաև Թուրքիայի ու Ադդբեջանի ճնշման արդյունքում նման ծրագրի իրականացումը կարող էր ռեալ լինել։
Այդ «ծրագրի» խանգարողը ՀՀ նախորդ իշխանություններն էին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,որի քաղաքական կրեդոն էր «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» թեզը։
Ուստի Արևմուտքը, չեմ բացառում նաև Թուրքիան, նախ 2018-ին Հայաստանում իրագործեցին «գունավոր հեղափոխություն», իսկ հետագա տարիներին ՀՀ կառավարիչների լուռ համաձայնությամբ իրականացրին Արցախի հանձնման ու հայաթափման օպերացիան։
Նման իրավիճակում Իրանը սկսեց հրապարակային իր մտահոգությունները հայտնել։
Դեռևս մի քանի տարի առաջ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ «օտար պետությունները չպետք է միջամտեն հարևանների հարաբերություններին ու որ «Զանգեզուրի միջանցքը» չի բխում ՀՀ շահերից»։
Գաղտնիք չէ,որ Իրանը մի քանի անգամ իր դժգոհությունն է հայտնել ՀՀ-ում ԵՄ դիտորդների տեղակայման ու տարածաշրջան Արևմուտքի դիրքերի ուժեղացման դեմ։
Իրանը կտրականապես դեմ է հանդես եկել այդ ծրագրին, շատ լավ հասկանալով, որ այն սպասարկելու է Թուրքիայի ու Արևմուտքի շահերը։
Հենց այդ պատճառով է Իրանի Ռազմավարական հետազոտությունների խորհուրդը 2024-ին կարծիք հայտնել, ըստ որի՝ Ղարաբաղյան վերջին պատերազմն անհրաժեշտ էր Արևմուտքին «Թուրանական միջանցք» ստեղծելու համար։
Պատահական չէ, որ Իրանում այդ միջանցքն անվանել են ոչ թե «Խաղաղոպթյան խաչմերուկ», այլ՝ «Թուրանական միջանցք»։
ՀՀԿ-ն մշտապես իր մտահոգությունն է հայտնել նման ծրագրի վերաբերյալ և նույնիսկ 2025-ի օգոստոսի 11-ին հատուկ ԳՄ հայտարարություն է ընդունել։
Հիշեցնեմ 2025-ի օգոստոսի 11-ի ՀՀԿ ԳՄ հայտարարության առանցքային կետերը. «Բարձր գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական ջանքերը՝ պետք է արձանագրել, որ ստորագրելով այս համաձայնագիրը, ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպես նաև զոհաբերում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ լեգիտիմացնելով Բաքվի ռեժիմի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների և հայրենազրկման փաստը։
Մասնավորապես՝
Հուշագիրն անտեսել է ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման պարտադիր պահանջը։
Հուշագիրը որևէ պարտավորություն չի ամրագրում ապօրինի կալանավորված և Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու հարցով։
Հայաստանի սահմանների անձեռնմխելիության, անվտանգության և տարածքային ամբողջականության միջազգային իրական երաշխիքների փոխարեն, համաձայնագրում տեղ են գտել անորոշ և անհասցե խոստումներ:
Հուշագրում բացակայում են Արցախահայության սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության, ինչպես նաև քաղաքական իրավունքների վերաբերյալ դրույթները։
Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձևաչափի լուծարման համաձայնությունն անթույլատրելի նահանջ է հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքներից՝ ինչը պաշտոնական Երևանի վրա, Ադրբեջանի կողմից ակնհայտ ճնշման հետևանք է, և արցախահայության բռնի տեղահանման միջազգայնորեն արդարացում։
Նման պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորող որևէ փաստաթուղթ, ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, չի կարող նպաստել կայուն և արդար խաղաղության հաստատմանը։ Այն էականորեն սահմանափակելու է նաև Հայասսանի Հանրապետության անվտանգության և ինքնիշխանության ապահովման գործիքակազմը և կապելու է երկրի արտաքին քաղաքականության ձեռքերը»։
ՀՀԿ ԳՄ-ն 2025-ի օգոստոսի 11-ի հայտարարությամբ
պահանջում էր.
ա) օրակարգային առաջնահերթություն դարձնել Ադրբեջանի կողմից ձերբակալված բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը:
բ) առանց որևէ նախապայմանի, ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ օկուպացված տարածքներից՝ այն չկապելով սահմանազատման անորոշ գործընթացի հետ»։
Անդրադառնալով տարածաշրջանային իրական ու երկարաժամկետ խաղաղությանը՝ ՀՀԿ-ն իր մոտեցումները հստակ ձևակերպմամբ ներկայացրել է.
«Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:
Խաղաղասիրությունն ու հաղորդակցության ուղիների բացարձակ սուվերեն գործարկումն ընդունելով որպես ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունք՝ ՀՀԿ-ն չի կարող անարդար, պարտադրված և ոչնչով չերաշխավորված խաղաղության հռչակումն ընդունել որպես առկա իրավիճակի իրական հանգուցալուծում՝ հատկապես, երբ շարունակվում են ոտնահարվել հայ ժողովրդի կենսական իրավունքները, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան պետականությանը հարիր արժանապատիվ կեցվածքը»։
Ինչպես 2025-ի օգոստոսին, այնպես էլ այօր ՀՀԿ-ն իրական ու արժանապատիվ կայուն խաղաղության կողմնակից է, բայց ոչ երբեք խաղաղության սոուսի տակ միակողմանի զիջումների իրականացման»։