Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 օգոստոսի, 2026 թ.

«Թուրքիայի ԱԳՆ նախարարը երկու հայտարարություն է անում, երկուսն էլ կեղծիք»․ Արա Պողոսյան

58
Այսօր, 23:00
«Թուրքիայի ԱԳՆ նախարարը երկու հայտարարություն է անում, երկուսն էլ կեղծիք»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանը երկու հայտարարություն է անում՝ երկուսն էլ կեղծիք։
Երբ Ֆիդանը հայտարարում էր, որ եռակողմ պակտը ուղղված չէ Իրանի դեմ, իրականում սա կեղծ է և նպատակ ունի համոզել Թեհրանին, որ Թուրքիան և իր նոր դաշնակիցները Թեհրանի դեմ չեն համագործակցում։ Իրանի դեմ վերջին ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ սուննիական շատ պետություններ գաղտնի աշխատում են Իրանի դեմ ու այստեղ կա թե‘ սուննի-շիական մրցակցություն, թե‘ տարածաշրջանում ազդեցության գոտիների համար մրցակցություն։
Մյուս կողմից, արդեն իսկ Պակիստանից կոչ են արել սուննիական աշխարհին համախմբվել ընդդեմ Իսրայելի։ Իսրայելում ևս բազմաթիվ մտահոգություններ արդեն առաջ են եկել։ Մյուս կողմից՝ Թուրքիայի և Իսրայելի միջև պրոքսի հակամարտային վիճակը, և Թուրքիայում աճող մտահոգությունները Իսրայելի տեխնոլոգիական հնարավորությունների նկատմամբ առաջացնում է «Թուկիդիդեսյան ծուղակի» վիճակ։
Հաջորդ կեղծիքը վերաբերվում է Եգիպտոսին։ Հաքան Ֆիդանը պնդում էր, որ Եգիպտոսը ևս բանակցում է միանալու Մեքքայի պակտին։ Սակայն դեռ ոչ վաղ անցյալում Եգիպտոսն ինքը հակաթուրքական ճամբարում էր և ձգտում էր նման ճամբարի ձևավորմանը Հունաստանի և Հայաստանի միջոցով։ Սակայն 2020 թվականից հետո Հայաստանի դեպքի փոփոխությունը կարծես թե փոխել է նաև ավանդական հակաթուրքական կոնֆիգուրացիան։ Իսկ ի՞նչը պետք է ստիպի Եգիպտոսին միանալու մեքքայական եռյակին։ Կարծում եմ՝ քիչ շահ կարող է ունենալ Եգիպտոսն այս պարագայում, եթե հաշվի առնենք, որ ժամանակին արաբա-իսրայելական պատերազմներից ամենամեծ կորուստը հենց Եգիպտոսն էր կրել՝ կորցնելով Սինայի թերակղզին և միայն հետագայում կարողացավ բանակցությունների միջոցով վերադարձնել։
Հաշվի առնելով, որ միացյալ արաբական աշխարհը իրականում մնաց որպես ֆիկցիա, պատրանք կամ էլ ուտոպիա, ինչպես և իսլամական համերաշխության գաղափարը, ապա գերիշխելու է քաղաքական ռեալիզմը, ինչը բացարձակապես հօգուտ մեքքայական պակտին Եգիպտոսի միանալու օգտին չի խոսում»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան