«Եռակողմ պակտը կարող է էապես փոխել Մերձավոր Արևելքի անվտանգային կոնֆիգուրացիան»․ Արա Պողոսյան
86
Այսօր, 19:00
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև Մեքքայում կնքված պաշտպանական պակտը կարող է էապես փոխել Մերձավոր Արևելքի ողջ անվտանգային կոնֆիգուրացիան։ Հաշվի առնելով, որ Սաուդյան Արաբիան ունի ֆինանսական և էներգետիկ մեծ ռեսուրսներ, Պակիստանը՝ մարդկային ուժ, ռազմական տեխնոլոգիաներ, միջուկային զինանոց, իսկ Թուրքիան զարգացած ռազմական տնտեսություն, ժամանակակից բանակ և ռազմավարական նշանակության դիրքեր, կրոնական և մշակութային ազդեցություն Միջին Ասիայում, մերձկասպյան տարածաշրջանում, Աֆրիկայում, ապա այս միություն ո'չ միայն պարզապես փոխօգնության միություն կարող է լինել, այլև աշխարհաքաղաքական նոր բանաձևումների հիմք։ Մեքքայում ստորագրված պակտը (Մեքքայի պակտ) իր էությամբ նման է և կրկնում է ՆԱՏՕ-յի 5-րդ հոդվածը, որը ենթադրում է «մեկի վրա հարձակումը հարձակում մյուսների վրա»: Ժամանակին շատ էին խոսում արաբական մինի ՆԱՏՕ-ստեղծելու հնարավորություն, նաև աֆրիկյան, սակայն կարծես թե ավելի անկանխատեսելի գործընթաց կարող է լինել Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա եռանկյունու հետագա ընդլայնումը։ Իսկ ՆԱՏՕ-յի կանոնադրության 5-րդ հոդվածը դաշինքի ամենազսպիչ կետն է։ Այն ենթադրում էր, որ ՆԱՏՕ-ի որևէ անդամ պետության վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր անդամների դեմ, և յուրաքանչյուր անդամ պետություն պարտավորվում է օգնել հարձակման ենթարկված երկրին՝ իր գնահատմամբ անհրաժեշտ միջոցներով (այդ թվում՝ ռազմական ուժով)։ Տարածաշրջանը փոխվում է, ընդ որում՝ սրընթաց և այդ փոփոխությունները հնարավոր չէ կանգնեցնել։ Մի բան փաստ է՝ նոր եռանկյունին միաժամանակ հակասելու է թե‘ Իրանի, թե‘ Հնդկաստանի և թե‘ Իսրաելի ռազմավարական շահերին։ Հատկապես խորհրդանշական է պակտը Մեքքայում ստորագրելը։ Հաշվի պետք է առնել այն հանգամանքը, որ Պակիստանում պետական քաղաքականության մեջ մեծ դեր ունի իսլամի գործոնը, իսկ Թուրքիան նեոօսմանիզմի հետ միասին աշխատում է նաև համաիսլամականության և պանթուրքիզմի ուղղությամբ, որպես ազդեցություն գեներացրնելու միջոց։ Եվ այս նոր հանգամանքը հնարավոր չի լինելու հաշվի չառնել հատկապես տարածաշրջանային քաղաքականության մեջ, եթե այս եռակողմ պակտը վերածվի իրական ազդեցության»։