Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2026 թ.

«Գործող խորհրդարանի բանավեճերից ոչ միայն չես կարող բան սովորել, այլ՝ պետք է հատկապես բան չսովորել»․ Թաթուլ Հակոբյան

73
Այսօր, 17:06
«Գործող խորհրդարանի բանավեճերից ոչ միայն չես կարող բան սովորել, այլ՝ պետք է հատկապես բան չսովորել»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս խորհրդարանի աշխատանքին ես չեմ հետևելու, չեմ դիտելու կամ ունկնդրելու պատգամավորների ելույթները, հայտարարություններն ու բանավեճերը, կառավարության հետ հարց-պատասխանները:
Կարճ լուրեր կարդալով կբավարարվեմ՝ պատկերացնելու մեր երկրի օրենսդիր մարմնի գործունեությունը: Այսինքն, կարճ տեքստ կկարդամ՝ ժամանակ շահելու և անմակարդակ և ամոթալի խոսքեր լսելու փոխարեն:
Այս խորհրդարանը, իմ կարծիքով, լեգիտիմ չէ, քանի որ Բարգավաճ Հայաստանը կոպիտ միջամտությամբ դուրս է դրվել մեր երկրի ամենաներկայացուցչական մարմնից: Իհարկե, ընդունում եմ, որ ընտրություններում ամենից շատ քվե ստացել է իշխող ուժը:
Այո, պետք է ընդունել իրողությունները, այդ թվում այն, որ ունենք ա՛յս խորհրդարանը, ա՛յս կառավարությունը, ա' յս ընդդիմությունը, ա՛յս Ամենայն Հայոց Հայրապետը և այլն:
Քաղաքական բանավեճից պետք է հաճույք ստանալ ու բան սովորել: Ինձ համար լավագույնը 1990-1995 թթ խորհրդարանն էր: Գուցե իմ գիտելիքներն էին քիչ այն տարիներին, դրա համար էի հետևում:
Մեր այս՝ գործող խորհրդարանի բանավեճերից ոչ միայն չես կարող բան սովորել, այլ պետք է հատկապես բան չսովորել:
Չկա ներկայի ու ապագայի մասին բանավեճ, կա միայն անցյալ և հայհոյանք, վատ նախկիններ ու ներկա փրկիչներ, ցածրամակարդակ կոմունիկացիա, անձնական շահերի և անձնական կանանց պաշտպանություն...
Կան պետությունների խորհրդարաններ, որտեղ արգելված բառերի ցանկ կա և հենց որ պատգամավորը դա օգտագործում է, անմիջապես խոսնակը միջամտում է: Հավանաբար ժամանակն է, որ մեր երկրում էլ դա կիրրառվի, այն է՝ մեր ազգընտիրներին բերաններին փափուկ կողպեք դրվի:
Սկզբի համար արժի ընտրել 10 բառ և կամաց-կամաց ընդլայնել թվաքանակը:
Օրինակ, կարելի է ընտրել բառեր և դրանք արգելել, որոնք առաջ են բերում ատելություն, թշնամանք, ագրեսիա, վիրավորանք:
Բրիտանական խորհրդարանում այսօր արգելված են հետևյա բառերը՝ blackguard, coward, git, guttersnipe, hooligan, rat, swine, stoolpigeon, traitor:
Կարծում եմ, արժի նաև արգելված բառերը հնչեցնողներին ֆինանսական պատժի ենթարկել, օրինակ՝ մեկ տարով զրկել պարգևավճարից:
Եթե այս նորամուծությունը արդարացնի խորհրդարանում, ապա կարելի է մտածել այն կառավարության և ընդդիմության վրա տարածելու հեռանկարի մասին, որովհետև մենք աղտոտ բառեր են լսում մեր կառավարության անդամների ու ընդդիմադիրների բերաններից: Պարգևավճարներից մեկ տարով զրկելը, թվում է, կարող է լինել զսպիչ:
Մնում է հասկանալ, թե այս նախաձեռնությունները ինչպե՞ս է հնարավոր ընդունել տալ մեր խորհրդարանին և կառավարությանը, երբ հենց նրանք են օգտագործում վիրավորական բառապաշար»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան