«Պետական ինքնության առկայությունը չի ենթադրում էթնիկ ինքնության բացակայություն». Լիաննա Խաչատրյան
80
Երեկ, 23:30
Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «Ուրեմն, դեռևս նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ինքնության խնդիր ունի։ Իմ սիրած թեմանա իհարկե, և ինչ մեղքս թաքցնեմ, կռվից հետո սպասում էի, որ այն բնականորեն դուրս կգա ջրի երես, բայց դե ինձ թվում էր՝ ամեն ինչ մնալու է մտավորական ու առօրյա քննարկումների դաշտում ու հաստատ չի հասնի Ազգային ժողովի ամբիոն։ Բայց հասավ: ԱԺ-ում ՔՊ պատգամավորներից մեկի ելույթը հենց ինքնության մասին էր: Եվ քանի որ ստեղծվել է առիթ, ես էլ իմ «ամբիոնից» խոսեմ: Երևի թե Հայաստանի Հանրապետության ստեղծման առաջին իսկ պահից Հայաստանում երկու ազգային ուղղություններ են եղել։ Բնականաբար, ամեն ուղղությունը փորձել է մյուսին նսեմացնել ու հայտարարել, որ իրական ազգայինը հենց ինքն է։ Բայց Հայաստանում չի եղել, օրինակ, հոմո սովետիկուս կառուցելու կամ ինչ-որ վերազգային գաղափար տարածելու լուրջ քաղաքական ուղղություն։ Մենք հիմնականում տեսել ենք ազգային ինքնության երկու տարբեր ընկալում։ Առաջինի կենտրոնում պետությունն է։ Սա պետականամետ ազգային ինքնությունն է՝ nation բառի իմաստով։ Երկրորդը ավելի շատ էթնիկ ազգային ինքնությունն է։ Կարգը այստեղ, բնականաբար, պայմանական են։ 1988-ի շարժումը, հատկապես այն պահից, երբ սկսեց արձագանք ստանալ նաև Սփյուռքում, առաջ բերեց էթնիկ ազգայնականությունն ու հողահավաքի գաղափարը։ Տեղում էլ հողը պարարտ էր: Առաջին հանրապետության երկու տարիները չէին կարող լուրջ հետք թողած լինեին, իսկ ահա 70 տարի մեծ կայսրության գրկում, որպես ազգային, էթնիկ միավոր ապրելը՝ թողել էր: Էթնիկ ազգային ինքնությունն ավելի համայնքային է։ Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Սփյուռքում։ Այստեղ մեծ հաշվով կապ չունի, թե որ պետության քաղաքացի ես։ Ավելի կարևոր են այլ ինստիտուտներ՝ եկեղեցին, հայկական դպրոցը, լեզուն, համայնքը, համայնքային կապերը, ավանդույթները։ Տարածքի հարցում, իհարկե, կա որոշակի հղում կոնկրետ հողերի՝ հայրենի հող, ազգային հող, պապական հող, էրգիր։ Այսինքն լոկացիան նույնպես այդ պատմական հիշողության, լեզվի մի մասն է: Շատ ցանկալի է, որ դու ապրես այդ հողի վրա։ Իսկ եթե չես ապրում, միշտ հիշես, որ քո արմատները հենց այդ տարածքից են: Իսկ թե այդ հողը այս պահին որ պետության տարածքում է գտնվում, ավելի երկրորդական հարց է։ Արցախյան առաջին պատերազմից հետո այս գիծը, քանի որ հաղթեց, դարձավ միանշանակ գերիշխող։ Երկրորդ պատերազմից հետո կրկին ունենք ճգնաժամ։ Եվ տեսնում ենք, որ իշխող կուսակցությունն առաջ է տանում մյուս՝ պետական գիծը, ինչը պարտության տրամաբանությունից ելնելով նույնպես հասկանալի է։ Հետպատերազմյան վիճակի փարատման տեսակետից պետականաշինությունը վատ կոնցեպտ չէ: Ասել. «Այո, մենք կորցրել ենք հողեր, բայց ունենք պետություն»։ Պետության տեսակետից հողերը կորչում են, հետո նորից ձեռք են բերվում, տարածքները լայնանում են, փոքրանում են։ Կարևորը հստակ քաղաքական միավորի՝ հանրապետության կամ որևէ այլ ձևով պետության գոյությունն է, և այն, որ այդ պետությունը շարունակի գործել։ Եթե նայենք պետությունների պատմությանը, կտեսնենք, որ դրանք ծնվել են, լայնացել են, փոքրացել են, մահացել են, հետո վեր են հառել, նորից լայնացել ու նորից փոքրացել…Այսինքն՝ պետության տեսակետից տարածքի կորուստը, իհարկե, լուրջ տրավմա է, բայց վերջնական մահ չէ։ Գահերի խաղի հերոսներից մեկի ասածով՝ քանի դեռ չես մեռել, դու խաղի մեջ ես։ Էս դիսկուրսի հիմքում նույնպես ազգային ինքնությունն է, պարզապես այն ավելի շատ կապված է պետության հետ։ Ես ինքս ավելի շատ այս երկրորդ՝ պետական ինքնության կրողն եմ։ Հենց այդ պատճառով ինձ ազատ եմ համարում, նման ինքնությունը հօգուտ իրեն բանեցնող ուժի սխալները մատնանշելը: Առաջին սխալը՝ հակադրությունը: Պետական ինքնության առկայությունը չի ենթադրում էթնիկ ինքնության բացակայություն։ Ինքնությունը, ինչպես հենց ՔՊ պատգամավորն ասաց, ստատիկ բան չէ։ Ես նույնիսկ ավելին կասեմ՝ այն ոչ այնքան փոփոխվող է, որքան աճող, հաստացող, շերտավորվող։ Հին ինքնության վրա նոր շերտեր կարող են ավելանալ։ Իմ կարծիքով պետական ինքնությունն էվոլյուցիոն առումով ավելի բարդ կառուցվածք է։ Չեմ ուզում ասել՝ բարձր, բայց եթե էվոլյուցիան դիտարկենք որպես պարզից դեպի բարդ շարժում, պետական ինքնությունն ավելի բարդ մակարդակ է, որովհետև այն կարող է իր մեջ ներառել նաև էթնիկ ինքնությունը, հայրենիքի զգացողությունը, հողի, նույնիսկ սուրբ հողի հանդեպ պատկանելության զգացողությունը։ Եվ այդ ամենի վրա կարող է ավելանալ պետական ինքնության շերտը։ Դրանք կարող են իրար հետ համերաշխ ապրել։ Պետական ինքնությունը շատ ավելի բարդ կոնստրուկտ է, քան համայնքային ինքնությունը։ Դրա համար էլ համայնքայինը ճգնաժամների ժամանակ, երբ պետությունները քանդվում են, ավելի հեշտ է ողջ մնում։ Ավելի պարզ կոնստրուկտ է, իսկ պարզ կոնստրուկտները ճգնաժամերին ու բարդ իրավիճակներին ավելի հեշտ են դիմանում։ Բարդ կոնստրուկտները ենթադրում են բարդ լուծումներ և բարդ կյանք։ Բայց իշխող կուսակցությունը, այս երկու ինքնությունները միմյանց հակադրում է։ Իհարկե կողքից ստանալով ընդդիմության օգնությունը: Մարդ չի հասկանում՝ գիտակցված, թե չգիտակցված… Խնդիր երկրորդ: Այն, ինչ այսօր իշխող ուժն անում է պետական ինքնության գաղափարի հետ, շատ նման է նրան, ինչ նախկին էլիտան արեց էթնիկ ազգային ինքնության հետ։ Այն օգտագործեց որպես շղարշ՝ սեփական շահերն առաջ տանելու համար։ Ինչպես Հանրապետական կուսակցությունը կարող էր «Կարդա Նժդեհ, փրկիր կյանքեր» դեմքի արտահայտությամբ սրտի ուզածը մեջ-մեջ աներ, այնպես էլ մեր պետականամետ կուսակցությունը ուշադիր նայելով պետության աչքերի մեջ չի նկատում օրինակ համակարգային կոռուպցիան: Իրապես պետականամետ ուժը չի հանդուրժի, որ վնասով աշխատող պետական հիմնարկում որևէ մեկը չափազանց բարձր աշխատավարձ ստանա, այն էլ կապված լինի իշխող կուսակցության առանցքային դեմքերից մեկի հետ։ Պետականամետ ուժը չի հանդուրժի, որ մոբիլիզացված մարդկանց փաստացի անզեն, ձեռքները թափ տալով, տանեն, դնեն թուրքի բերան։ Պետականամետ ուժը չի հանդուրժի պետական կառավարման հետ կապված սկանդալների ուղղակի քողարկումը։ Այլ գոնե ձևական հրաժարական կպահանջի սկանդալի թիրախում հայտնվածից, կամ ներողություն կխնդրի, կամ որևէ ընթացք կտա գործին: Այսինքն իշխող ուժն անում է մոտավորապես այն, ինչ նախկինում անում էր ՀՀԿ-ն։ Կարծեմ պրիյոմը կոչվում էր «Մեր դեմը խաղ չկա»: Երբ պետք էր, մեր սրերը միշտ ամուր էին, սուր էին: Կարելի էր խնդալու սփյուռքի նախարարություններ սարքել, «Բազե» ճամբարներ կազմակերպել, Արագածի շուրջ հավաքվել, պարել։ Բայց գետնի վրա, օրինակ, Ջաբրայիլում երկրորդ պաշտպանական գիծ փորելու համար ազգային բահ չկար։ Այսինքն, ձևական կողմը կար, իսկ բուն գործողությունները միշտ չէ, որ նպաստում էին հայի և հայ հողի պահպանությանը։ Նույնն էլ, ցավոք, հիմա ենք տեսնում։ Խոսվում է պետականության մասին, բայց գետնի վրա կատարվող բազմաթիվ գործողություններ չեն հուշում, որ գործ ունենք իսկապես պետականամետ ուժի հետ։ Հա, մեկ էլ ասեմ, որ Ադրբեջանը 40 հատ կործանիչ ինքնաթիռ է գնել… Ու տենց, էլի»: