Երևան`   +27 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ.

«Մի՛ ասեք «երկրպագու». երկրպագությունը միայն աստծուն է պատկանում». Սամվել դպիր Գրիգորյան

130
Երեկ, 20:42
«Մի՛ ասեք «երկրպագու». երկրպագությունը միայն աստծուն է պատկանում». Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը. «Ի՞ՆՉ Է «ՀՈԳԵՎՈՐ ՇՆՈւԹՅՈւՆԸ» Սուրբ ՄԻ՛ ԱՍԵՔ «ԵՐԿՐՊԱԳՈՒ». ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ԱՍՏԾՈՒՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ
Ցանկանում եմ հատկապես հրավիրել մարզական մեկնաբանների, լրագրողների, խմբագիրների, ինչպես նաև հանրային գործիչների ուշադրությունը մի լեզվական և հոգևոր կարևոր խնդրի վրա, որը տասնամյակներ շարունակ շրջանառվում է մեր եթերում, իսկ վերջին տարիներին՝ նաև համատարած սոցիալական ցանցերում։
Խոսքը «երկրպագել» բառի անտեղի օգտագործման մասին է՝ սպորտում և ոչ միայն։
Հիշե՛նք բառի բուն իմաստը. Հայերեն «երկրպագել» բառը պատմականորեն կապված է մինչև գետին խոնարհվելու և պաշտամունքային պատվելու գաղափարի հետ։ «Երկրպագել» նշանակում է երկիր պագանել՝ ծունկի գալ, խոնարհվել մինչև գետին և երկիրը համբուրել։ Սա բացառապես սրբազան, հոգևոր գործողություն է՝ Աստծուն մատուցվող պաշտամունքային խոնարհում։
«Երկրպագել»-ն այնպիսի բառ է, որն արտահայտում է ոչ թե սովորական համակրանք կամ հիացմունք, այլ պաշտամունք։ Քրիստոնեական գիտակցություն ունեցող մարդու համար պաշտամունքը, փառքը և երկրպագությունը պատկանում են միա՛յն և միմիա՛յն Աստծուն։
Ավետարանում Տեր Հիսուս Քրիստոս ասում է․ «․․․պիտի երկրպագես քո Տեր Աստծուն և միայն նրան պիտի պաշտես» (Մատթ. 4:10):
Մարդուն՝ լինի սպորտսմեն, երգիչ, թե հանրային գործիչ, կամ մարդկանց խմբին՝ թիմին չե՛ն երկրպագում, նրանց փառք չե՛ն տալիս և չե՛ն պաշտում։ Երբ մարդը որևէ մարզիկի, ակումբի կամ խաղի նկատմամբ օգտագործում է այնպիսի բառեր, որոնք քրիստոնեական լեզվում վերապահված են Աստծուն, լեզվական սահմանները խախտվում են։ Իսկ երբ այդ կապվածությունը վերածվում է կուռքի, այն արդեն կարող է վերածվել կռապաշտության։
Ի՞նչ բառեր օգտագործել դրա փոխարեն
Հայոց լեզուն հարուստ է ու ճկուն։ Կարիք չկա հոգևոր տերմինները փոշիացնելու մարզադաշտերում։ «Երկրպագու» կամ «երկրպագել» բառերի փոխարեն կարելի է և պե՛տք է օգտագործել հետևյալ գեղեցիկ հոմանիշները.
*Համակիր (ակումբի համակիրներ)
*Աջակից / Աջակցել (աջակցում են հավաքականին)
*Ֆուտբոլասեր / Մարզասեր
*Թիմի հավատարիմ հետևորդ, կողմնակից:
*Եկե՛ք միասին մաքրենք մեր խոսքը, հարգենք մեր լեզուն և սրբությամբ պահենք այն բառերը, որոնք Սուրբ Գիրքն ու Եկեղեցին վերապահել են միայն Աստծուն։ Սիրենք սպորտը, աջակցենք մեր սիրելի թիմերին, ուրախանանք նրանց հաղթանակներով, բայց երբեք չշփոթենք համակրանքը երկրպագության հետ, որովհետև լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ. այն նաև մեր հավատքի արտահայտությունն է։
Հ.Գ. Խնդրո՛ւմ եմ այս նկատառումը հնարավորինս հասցնել մեր սպորտային մեկնաբաններին, լրագրողներին ու խմբագիրներին, եթե նրանց անձնապես ճանաչում եք, կամ պարզապես լայնորեն տարածենք այս գրառումը։ Միգուցե իրենք էլ կարդան, անդրադառնան և խորհեն այս մասին»։