Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 21 հուլիսի, 2026 թ.

«Հասարակության մեջ շրջանառվում է մեծ քանակությամբ ապօրինի զենք»․ Վահագն Սարոյան

123
Երեկ, 14:36
«Հասարակության մեջ շրջանառվում է մեծ քանակությամբ ապօրինի զենք»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում հրազենի գործադրմամբ հանցագործությունները գնալով ավելի հաճախակի են դառնում՝ տարբեր ելքերով։ Սա արդեն պարզապես առանձին դեպքերի շարք չէ, այլ հանրային անվտանգության լուրջ խնդիր իր բոլոր հետևանքներով:
Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, օրինակ՝ ոստիկանությունն ինքն է փաստում, որ բնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը շարունակում է մնալ կարևոր խնդիր։
Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, որ երբեմն Երևանում և այլ վայրերում կրակոցներ են հնչում։ Խնդիրն այն է, որ հասարակության մեջ շրջանառվում է մեծ քանակությամբ չգրանցված և ապօրինի զենք, որի ամբողջ ծավալը պետությունը, բնականաբար, չի հասցնում հայտնաբերել։
Հայաստանում հրազենային միջադեպերի պարբերականությունը պետք է ստիպի իշխանություններին ոչ թե հերթական դեպքից հետո միայն հաղորդագրություն տարածել, այլ իրական պատասխան տալ հարցին՝ Հայաստանում ապօրինի զենքի ինչպիսի՞ ծավալ կա, որտեղի՞ց է այն հայտնվում, ո՞վ է վերահսկում դրա շրջանառությունը, և ինչո՞ւ է քաղաքացիների ձեռքում շարունակում հայտնվել այնպիսի զինանոց, որը պետք է գտնվեր բացառապես պետության վերահսկողության ներքո։
Այսօր քաղաքացին արդարացի կերպով սկսում է մտածել, որ ցանկացած վեճ կարող է ավարտվել հրազենային կրակոցով, դա արդեն ոչ թե պարզապես հանցագործության վիճակագրության, այլ պետության անվտանգության համակարգի արդյունավետության մասին է խոսում»։

Աղբյուրը`   Վահագն Սարոյան