«Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի»․ Մանե Թանդիլյան
120
Երեկ, 14:00
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օր չկա, որ չլսենք զենքի կիրառմամբ տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնք վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ավարտվում են անդառնալի ողբերգություններով։ Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի՝ երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտը, որի գլխավոր պատասխանատուն երկրի վարչապետն է, և իրավապահ համակարգի անարդյունավետ աշխատանքը, որի պատասխանատուներն այդպես էլ գլուխ չհանեցին ապօրինի զենքի շրջանառության վերահսկողության մեխանիզմներից ու երկրում կարգուկանոն սահմանելու մեթոդներից։ Բայց հատկապես առավել ցավալի է արձանագրել, որ մեր ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը։ Փաշինյանի կառավարման տարիներին ատելության, պառակտման և թշնամանքի լեզուն դարձել է մարդկանց ամենօրյա գործելաոճի անբաժանելի մասը։ Երբ երկրի ղեկավարը մշտապես հասարակությունը բաժանում է «սևերի» և «սպիտակների», վիրավորում ու թիրախավորում է այլ կարծիք ունեցող քաղաքացիներին, դժվար է ակնկալել, որ հասարակության մեջ կհաստատվեն փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության զգացումներ։ Ընդհակառակը՝ ձևավորվում է այնպիսի միջավայր, որտեղ ագրեսիան սկսում է ընկալվել որպես խնդիրներ լուծելու բնական միջոց։ Մենք բոլորս դարձել ենք նման իրադարձությունների պոտենցիալ զոհերը, որովհետև երբեք չգիտես՝ հաջորդ վայրկյանին ով կարող է զենք կիրառել ավտոմեքենան կայանելու, ճանապարհը չզիջելու կամ նույնիսկ երեխաների միջև ծագած սովորական վեճի կամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկի գլխին փչել է «ռազբորկա» կազմակերպել բնակելի շենքերի հարևանությամբ, մարդաշատ վայրերում, երեխաների ներկայությամբ։ Ի՞նչ է անում իրավապահ համակարգը հանրային անվտանգության լրջագույն խնդրի լուծման համար։ Ի՞նչ է անում, որ գնալով ավելի բարձիթողի ու քաոսային իրավիճակ է ստեղծվում։ Թե՞ համակարգի ողջ ներուժը կենտրոնացած է իշխանության համար անհարմար մարդկանց հետապնդելու և քաղբանտարկյալների գործերով զբաղվելու վրա»։