Երևան`   +35 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2026 թ.

«Աշխարհաքաղաքական այս բախտորոշ օրերին իշխանությունը գերադասում է արձակուրդ մեկնել»․ Գևորգ Գևորգյան

74
Այսօր, 15:48
«Աշխարհաքաղաքական այս բախտորոշ օրերին իշխանությունը գերադասում է արձակուրդ մեկնել»․ Գևորգ Գևորգյան

Հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետության անվտանգությունը չի սպասում, մինչև կառավարությունը վերադառնա արձակուրդից․
Աշխարհաքաղաքական այս բախտորոշ օրերին, երբ տարածաշրջանային ճգնաժամը շուրջօրյա կառավարում է պահանջում, երկրի իշխանությունը գերադասում է պաշտոնական արձակուրդ մեկնել: Սա սոսկ ֆիզիկական հանգիստ չէ, սա փախուստ է իրականությունից և սեփական ժողովրդի առջև պատասխանատվությունից:
Մինչ Երևանում կառավարական կաբինետները դատարկվում են, Շուշիում ալիևը բաց տեքստով գծում է տարածաշրջանի նոր քարտեզը: Նրա հայտարարություններն ունեն հստակ, պրագմատիկ հաշվարկ: Միաժամանակ խոսելով Մոսկվայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին՝ նա արևմտյան լսարանում հաջողությամբ վաճառում է իր «կարևոր գործընկերոջ» իմիջը: Եվրոպային մատակարարվող գազի ֆոնին սա նրան ապահովագրում է պատժամիջոցներից, իսկ Արցախի (Ղարաբաղի) ու Ուկրաինայի միջև անցկացվող զուգահեռներով լեգիտիմացնում է սեփական ագրեսիան:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը այս մեծ խաղի ֆոնին: Առաջնորդվում է երկակի ստանդարտների կործանարար հաղորդակցությամբ.
Ներքին լսարանին անընդհատ ներարկվում է վախ, հանձնվողականություն և սեփական իրավունքից հրաժարվելու կործանարար հոգեբանություն։ Ուժի սպառնալիքի տակ միակողմանի զիջումները հանրությանը հրամցվում են որպես խաղաղության միակ երաշխիք: Մեզ փորձում են համոզել, որ պետության իրական կադաստրը թշնամու ստորագրությունն է, այլ ոչ թե մեր սեփական դիմադրողականությունը:
Արտաքին աշխարհին հաղորդվում է բացարձակ թուլության և հարմարվողականության ազդակ: Փորձելով մանևրել Արևմուտքի, Ռուսաստանի և Իրանի հակասությունների արանքում՝ Երևանը վերածվում է ոչ թե հուսալի գործընկերոջ, այլ աշխարհաքաղաքական կոնֆլիկտի պլացդարմի: Թշնամին տեսնում է այս թուլությունը և ավելի է մեծացնում իր ախորժակը՝ պահանջելով Սահմանադրության փոփոխություն և նորանոր ինքնիշխան տարածքներ:
Իրական, հայանպաստ պետական մտածողությունը պահանջում է արմատապես այլ քայլեր, որոնք այսօր ուղղակի չեն արվում, որովհետև գործող համակարգն ունակ չէ դրանք իրականացնել.
․Ուժերի հավասարակշռության վերականգնում. Անցում փոքր ռեսուրսներով առավելագույն հարված հասցնելու մարտավարությանը՝ հենված սեփական ռազմական արտադրության, ԱԹՍ-ների և համապետական դիմադրողականության հենքով:
․Անկախ դիվանագիտություն. Դադարե՛լ լինել մանրադրամ ուրիշների խաղերում: Ամերիկյան տարանցիկ նախագծերը քննարկելիս չի կարելի խախտել Իրանի կենսական «կարմիր գծերը» Սյունիքում, իսկ Արևմուտքի հետ մերձենալիս պետք է չեզոքացնել Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական հարվածները:
․Տնտեսական դիվերսիֆիկացիա. Քաղաքական հռետորաբանությունը դատարկ խոսք է, քանի դեռ երկրի էներգետիկան և շուկան 80%-ով կախված են մեկ կենտրոնից:
․Ինտելեկտի համախմբում. Պետական համակարգը պետք է մաքրել սիրողականությունից և ներքին արհեստական պառակտումներից՝ համախմբելով ազգային, բարձր ինտելեկտով և պրոֆեսիոնալիզմով օժտված կարող ուժերին։
Պետության կործանման համար կանխամտածված դավաճանությունն ամենևին էլ պարտադիր պայման չէ. աշխարհաքաղաքական անփորձությունը, սեփական ռեսուրսների սխալ գնահատումը և հանձնվողական հոգեբանությունը նույնքան աղետալի են։ Հայաստանը ունի՛ ապագա, բայց այդ ապագան կերտվում է պինդ ողնաշարով, սթափ հաշվարկով և բացառապես հայանպաստ օրակարգով»։

Աղբյուրը`   Գևորգ Գևորգյան