«Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք»․ Զարուհի Փոստանջյան
220
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2026 թ., 23:30
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Դատական ակտը՝ որպես խոսքի ազատությունը «սառեցնող» գործիք. Լիլիթ Աղեկյանը բողոքարկելու է ակնհայտ անարդար դատավճիռը 2026 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանը հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ: Դատարանը նշանակել է մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակում՝ պրոբացիոն վերահսկողության ներքո, որի ընթացքում դատապարտյալին արգելվել է առանց իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը: ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածը ներկայումս դարձել է իշխանությունների «մահակ»՝ ուղղված խոսքի ազատության սահմանափակմանը։ Այս դատական ակտը, որը հիմնված է օրենքի կոպիտ խախտումների վրա, չի ստանալու օրինական ուժ և պարտադիր բողոքարկվելու է վերադաս ատյանում։ Նման անարդարացի դատավճիռները լուրջ «սառեցնող էֆեկտ» են առաջացնում հասարակության մեջ՝ վախի մթնոլորտ ստեղծելով և լռեցնելով լրագրողներին ու քաղաքացիական ակտիվիստներին, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում։ Ուշագրավ է, որ Լիլիթ Աղեկյանի քրեական վարույթով տուժող ճանաչված ոստիկան Սեթ Մելիքսեթյանը իբրև տուժել է «մուսսոր» և «մենթ» բառերից։ Մինչդեռ, տուժող ճանաչվելուց հետո ոստիկանը ոչ միայն չի ցուցադրել տուժածին բնորոշ հոգեբանական ճնշվածություն, այլև ընդհակառակը՝ ստացել է պաշտոնի և աշխատավարձի բարձրացում, ավելացրել ֆիզիկական քաշը և ձեռք բերել նախկինից առավել ինքնավստահություն։ Լիլիթ Աղեկյանի իրավական աջակցության թիմը շեշտում է, որ այս դատական ակտը խոսքի ազատության նկատմամբ անօրինական միջամտության հերթական դրսևորումն է, և պատրաստվում է բոլոր իրավական միջոցներով պաշտպանել լրագրողի իրավունքները՝ հասնելով արդարության վերականգնմանը։ Լիլիթ Աղեկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյան 14, հուլիս 2026 թվական