«Հայ զինվորի կերպարը՝ թշնամու աչքերով»․ Այսեր Ղազարյան
69
Այսօր, 16:54
Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ զինվորի կերպարը թշնամու աչքերով. Կցված նկարում պատկերված է ադրբեջանական սոցիալական տիրույթում տեղի ունեցող ուշագրավ քննարկումներից մի օրինակային դրվագ, որտեղ 2020-2023թթ. ռազմական գործողությունների անմիջական մասնակիցները կամ դրանց առնչվող անձինք փորձում են իրենց փաստերով հակադրվել հայկական կողմի մասին ձևավորված ադրբեջանական պաշտոնական թեզերին։ Նմանատիպ քննարկումներն առանձնանում են որոշակի իրատեսությամբ և քարոզչական կաղապարների կոտրման փորձերով։ 1. Քարոզչական առասպելի փլուզումը Քննարկումը սկսող պայմանական 1-ին օգտատերը բացահայտ հարված է հասցնում տարիներով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից մատուցվող «վախկոտ հայ մարտիկի» կերպարին՝ այն որակելով որպես առասպել։ Ըստ նրա՝ առաջնագծում գտնվող յուրաքանչյուր ադրբեջանցի զինվոր գիտի, թե իրականում ինչպիսի ուժի դեմ է կռվել։ Նա նախազգուշացնում է, որ անհիմն ինքնավստահությունն ու հակառակորդին թերագնահատելը միայն նոր կորուստների են հանգեցնելու՝ մասնավորապես հիշեցնելով 2023-ի սեպտեմբերյան դեպքերը, երբ հայկական դիվերսիոն խումբը թափանցել էր իրենց թիկունք (կարծեմ Վանք գյուղի մոտակայքում) և լուրջ մարդկային կորուստներ պատճառել։ 2. Անհատական վկայություններ հայ զինվորի անձնազոհության մասին Քննարկման մասնակիցները ներկայացնում են կոնկրետ դրվագներ, որոնք վկայում են հայ զինվորների բարձր մարտական ոգու մասին. 2-րդ օգտատերը, վկայակոչելով «Բայրաքթար»-ի ստորաբաժանման զինվորականի պատմածը, նշում է, որ նույնիսկ օդից և գետնից թափվող զանգվածային կրակի տակ հայ զինվորները չեն փախել, այլ շարունակել են կատաղի պայքարը։ Մյուսը պատմում է Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած մի դրվագ, երբ հայկական ստորաբաժանման երկու զինվոր, չնայած նրան, որ գիտակցել են իրենց անխուսափելի մահը, մնացել են դիրքում և մինչև վերջ մարտ վարել՝ ապահովելով իրենց ծառայակից ընկերների անվտանգ նահանջը։ Սա հակառակորդի կողմից ընդունված հերոսության և անձնազոհության ուղղակի խոստովանություն է։ 3. Բախում քարոզչության և դաժան իրականության միջև Սուր քննադատության են ենթարկում ներքին լսարանին և պաշտոնական լրատվամիջոցներին, ծաղրում նրանց, ովքեր պատերազմը պատկերացնում են որպես հեշտ զբոսանք կամ «տեսարաններ բլրի վրայից»։ Օգտատերներից մեկը շեշտում է, որ հայերը 30 տարի ամրացել էին այդ հողերում, ունեին լուրջ ամրաշինական համակարգեր և ուժեղ հետախուզություն, ինչը իրենց հաղթանակը դարձրել էր չափազանց դժվար և արյունալի։ Նրա հիմնական հորդորն է՝ երբեք չնայել հայերին վերևից, քանի որ դա հղի է աղետալի հետևանքներով։ Ամփոփում. Մարտերին մասնակցած ազիկները հիմնականում համակարծիք են, որ իրենց դեմ կռվողները եղել են համառ, տոկուն և դժվարությամբ նահանջող մարտիկներ։ Նմանատիպ գրագրությունները վկայում են ադրբեջանական հանրույթի մեջ առկա ներքին բախման մասին. մինչ պաշտոնական քարոզչությունը փորձում է նսեմացնել հայկական կողմի դիմադրությունը, մարտի դաշտը տեսած մարդիկ բարձրաձայնում են իրականության մասին՝ հաստատելով, որ հայ զինվորը կռվել է մինչև վերջին շունչը..․»։