«Շանտաժն ու լաչառությունը դարձրել են քաղաքական կատեգորիա»․ Էդուարդ Շարմազանով
77
Այսօր, 02:06
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը Նովգորոդի վեչեի ու քաղաքական «Գարինչաների» արանքում։ Դասական քաղաքականությունը գաղափարների մրցակցություն է։ Ակնհայտ է, որ այդ մրցակցությունն էլ պետք է լինի հավասար պայմաններով։ Ոչ թե անձերի, այլ բացառապես գաղափարների մրցակցություն, ոչ թե թշնամանք, այլ երբեմն կոշտ, բայց այնուամենայնիվ մրցակցություն: Իմ քաղաքական գործունեության ընթացքում և՛ խիստ քննադատել եմ, և՛ եղել սուր քննադատության թիրախում: Երբեմն ես էլ տուրք եմ տվել չափից ավել զգացմունքներին, որն ամեն դեպքում խորթ է իմ արժեհամակարգին։ Բայց այդ թերություններով հանդերձ փորձել եմ քաղաքական պայքարն անձնական հաշիվներ մաքրելու գործիք չդարձնել, մերժել և մերժում եմ անձնական վրեժխնդրությունը, վիրավորանքը, անձնական ու, առավել ևս, ընտանեկան դաշտ մտնելը, անկախ նրանից՝ ով և ինչի համար է դա նախաձեռնել: Համոզված եմ, որ անձնական ատելության և թշնամանքի ու տարատեսակ վրեժխնդրության առկայությունը ոչնչացնում է առանց այն էլ չկայացած քաղաքական համակարգը: Հայհոյելը, վիրավորելը, ատելություն ու թշնամանք սերմանելը լավ ճանապարհ չէ։ Դա քայքայում է մեր ընդհանուր տապանը՝ Հայաստանի Հանրապետությունը: Բայց դժբախտաբար այդ «մշակույթը» դարձավ գերիշխող հենց 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո։ Շանտաժն ու լաչառությունը դարձել են քաղաքական կատեգորիա։ Ու այս աղմուկի մեջ ռացիոնալ խոսքն ու իրական քաղաքական բովանդակությունը միտումնավոր խլացվում է։ Արդյունքում ՀՀ քաղաքական համակարգը ոչնչացվում է։ Պետությունը դարձրել են Նովգորոդի վեչե, որտեղ ճիշտը բարձր գոռացողն է, այլ ոչ թե ռացիոնալ խոսք ասողը։ Իսկ «արդար խաղի» կամ «fair play»-ի կանոնները վաղուց արդեն չեն գործում։ Հ.Գ. 1960թ. Ռիո դե Ժանեյրոյում հանդիպում էին երկու մոլի հակառակորդ ֆուտբոլային թիմեր՝ «Բոտաֆոգոն» և «Ֆլումինենսեն»: «Բոտաֆոգոյի» լեգենդար հարձակվող Գարինչան գոլային դիրքում է հայտնվում, բայց նկատելով հակառակորդ թիմի վնասվածք ստացած պաշտպանին՝ գնդակը դարպասն ուղարկելու փոխարեն խաղադաշտից դուրս է ուղարկում: Ի պատասխան Գարինչայի ասպետական քայլի՝ «Ֆլումինենսեի» պաշտպան Ալդաիրը գնդակը եզրից նետելով՝ վերադարձնում է մրցակցին: Այդ օրվանից Գարինչայի և Ալդաիրի վարքագիծը լավ իմաստով վարակիչ ու չգրված օրենք դարձավ ֆուտբոլում: Հ.Հ.Գ. Այս դիպվածը պետք է բավարար լինի մեզ՝ գիտակցելու քաղաքականության մեջ ազնիվ մրցապայքար իրականացնելը: Հայաստանի քաղաքական համակարգը քաղաքական Գարինչաների և Ալդաիրների կարիք ունի»: