Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 հունիսի, 2026 թ.

«Ապրողին մեղավոր դարձրին, որովհետև զոհվածի հետ վիճել հնարավոր չէ». Հասմիկ Սողոմոնյան

84
Երեկ, 23:12
«Ապրողին մեղավոր դարձրին, որովհետև զոհվածի հետ վիճել հնարավոր չէ». Հասմիկ Սողոմոնյան

Զարդագործ, ձեռագործության վարպետ Հասմիկ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացրեք՝ գնում ես կամավոր։
Գնում ես ոչ թե որովհետև չես հասկանում՝ ինչ է կատարվում։ Հակառակը՝ շատ լավ ես հասկանում։ Լինելով ծառայած մարդ, տեսնելով ու զգալով հազար ու մի դրվագ, բազմաթիվ նշաններ, ընդհատ խոսքեր, օդում կախված լռություններ, որոշ հուշող շարժումներ՝ դու դեռ մուտքից արդեն զգում ես, որ մի բան այն չէ։
Ինտուիտիվ հասկանում ես, որ այդ հողերը արդեն տված են։
Դա գուցե ոչ ոք բարձրաձայն չի ասում։ Գուցե փաստաթուղթ չես տեսել, գուցե հրաման չես լսել, բայց զինվորը ներսից երբեմն ավելի շուտ է հասկանում, քան հնչում է պաշտոնական խոսքը։ Զգում ես՝ ինչ-որ տեղ ամեն ինչ արդեն որոշված է, իսկ դու գնում ես մի կռիվ, որտեղ քեզանից պահանջում են ոչ թե հաղթել, այլ պարզապես լինել այնտեղ։ Պարզապես լինել որպես միս։
Բայց, միևնույն է, դու գնում ես։
Որովհետև չգնալ չես կարող։
Որովհետև հետո ինքդ քեզ չես ների։
Որովհետև եթե քո եղբայրները այնտեղ են, դու չես կարող տանը նստել։
Որովհետև կա մի տեսակ պարտք, որը ոչ ոք քեզ չի բացատրում, բայց դու այն կրում ես քո մարմնով, քո լռությամբ, քո վախով, քո արժանապատվությամբ։ Որովհետև դու չես ցանկանում, որ վաղը քո երեխան ստիպված լինի այդ ընտրության առաջ կանգնել։
Հետ չես փախչում։
Կեսից չես փախչում։
Կռվից չես փախչում։
Դու գնում ես՝ արդեն հասկանալով, իմանալով, գիտակցելով, որ, հնարավոր է, քեզ գցել են, եղբայր։ Քեզ գցել են՝ եղբայր։
Գնում ես՝ իմանալով, որ գուցե վերևներում վաղուց ամեն ինչ գիտեին։
Գնում ես՝ զգալով, որ ինչ-որ մեկը քո կյանքը դրել է մի սեղանի վրա, որտեղ դու նույնիսկ ներկա չես եղել։
Ու հետո վերադառնում ես։
Վերադառնում ես ոչ թե հաղթողի պես, ոչ թե պարտվածի պես, այլ մարդու պես, ով ներսում մի ամբողջ պատերազմ է բերել իր հետ։ Վերադառնում ես աչքերով, որոնց մեջ դեռ խրամատ կա, դեռ ընկերների ձայներ կան, դեռ թարմ արյունահոսող հողի հոտ կա, դեռ անպատասխան հարցեր կան։
Եվ այդ ամենից հետո քեզ ասում են՝
Ինչո՞ւ չես զոհվել։
Ասում են դա մարդուն, որը գնացել էր, որովհետև չգնալ չէր կարող։
Ասում են նրան, ով հետ չի փախել։
Ասում են նրան, ով կեսից չի փախել։
Ասում են նրան, ով կռվից չի փախել։
Ասում են նրան, ով ողջ է մնացել ոչ թե որովհետև պակաս հայրենասեր էր, այլ որովհետև մահը այդ օրը նրան չընտրեց։
Իսկ դու լուռ ես։
Չես արդարանում։
Չես բացատրում։
Չես պատմում, թե ինչ ես տեսել։
Չես ասում, թե քանի անգամ ես ներսում մեռել մինչև ֆիզիկապես ողջ մնալը։
Բայց ես տեսնում եմ։
Ես տեսնում եմ այն ցավը, որ ապրում է քո աչքերի մեջ։ Այն ցավը, որը չի գոռում, բայց ամեն օր խոսում է։ Այն ցավը, որը մարդուն դարձնում է լուռ, ծանր, հեռու։ Այն ցավը, որի մասին խոսելու համար բառերը փոքր են։
Երբեմն մտածում եմ՝ եթե զոհված լինեիր, երևի քո առաջ կխոնարհվեին։
Քո անունը կգրեին պատի վրա։
Քո լուսանկարի առաջ ծաղիկներ կդնեին։
Քեզ հերոս կասեին։
Քեզ չէին հարցնի՝ ինչու չմեռար։
Բայց դու ողջ մնացիր։
Եվ հիմա կարծես պետք է արդարանաս դրա համար։
Պետք է բացատրես, թե ինչու ես շնչում։
Ինչու ես քայլում։
Ինչու ես այստեղ։
Ինչու քո մայրը գերեզման չի գնում, այլ դեռ տեսնում է քեզ։
Ինչու քո երեխաները հոր անունը չեն կարդում սև շրջանակի մեջ, այլ դեռ սպասում են, որ դու տուն մտնես։
Բայց ոչ։
Ողջ մնացած մարդը պարտավոր չէ բացատրել, թե ինչու չի զոհվել։
Պետք է բացատրեն նրանք, ովքեր նրան տարան այնտեղ։
Պետք է բացատրեն նրանք, ովքեր գիտեին և լռում էին։
Պետք է բացատրեն նրանք, ովքեր պարտությունը դրեցին զինվորի ուսերին։
Պետք է բացատրեն նրանք, ովքեր ապրողին մեղավոր դարձրին, որովհետև զոհվածի հետ վիճել հնարավոր չէ։
Զոհվածի առաջ խոնարհվում են։
Ողջ մնացածին հարցաքննում են։
Սա է ամենադաժան անարդարությունը։
Որովհետև երբ մարդը պատերազմից վերադառնում է, նա իրականում ամբողջությամբ չի վերադառնում։ Նրա մի մասը մնում է այնտեղ՝ հողի մեջ, խրամատի մեջ, ընկերների կողքին, այն վերջին հայացքների մեջ, որոնք ինքը չի կարողանում մոռանալ։
Ու եթե նա լուռ է, դա չի նշանակում՝ ցավ չունի։
Եթե չի խոսում, դա չի նշանակում՝ չի հիշում։
Եթե չի բողոքում, դա չի նշանակում՝ ներսում չի փլվում։
Դու լուռ ես, եղբայր։
Բայց քո լռության մեջ ես լսում եմ մի ամբողջ սերնդի կոտրված ձայնը։
Ես լսում եմ այն մարդկանց ձայնը, ովքեր գնացին՝ իմանալով, որ կարող են չվերադառնալ։
Ես լսում եմ այն մարդկանց ձայնը, ովքեր վերադարձան ու հիմա պիտի ապրեն մի երկրում, որտեղ իրենց երբեմն ավելի դժվար է ապրել, քան մեռնելը։
Բայց դու ապրիր։
Ոչ թե նրանց արդարանալու համար։
Ոչ թե ինչ-որ մեկին ապացուցելու համար։
Ոչ թե որովհետև քեզ պետք է ներեն, որ ողջ ես մնացել։
Ապրիր, որովհետև քո կյանքը քոնն է։
Ապրիր, որովհետև քո ցավը ճշմարտություն է։
Ապրիր, որովհետև քո լռությունն էլ վկայություն է։
Ապրիր, որովհետև զոհված ընկերներիդ հիշատակը քո շնչի մեջ էլ կա։
Եվ թող ոչ ոք այլևս երբեք իրավունք չունենա ապրող զինվորին հարցնել՝
Ինչո՞ւ չես զոհվել։
Այդ հարցը ոչ թե զինվորին է բացահայտում։
Այդ հարցը բացահայտում է հարց տվողին»։