Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մայիսի, 2026 թ.

«Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ

72
Այսօր, 15:30
«Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:

Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հաղորդման հիման վրա 2026 թվականի մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) հատկանիշներով:

Հաղորդման հիմքում, ի թիվս այլ հայտնաբերված խախտումների, ներառվել են մասնավորեցման գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ, մասնավորապես.

ՀՀ Կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի թիվ 690 որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով:

Գնման առաջարկ է ներկայացվել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունների կողմից:

2001 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն 2001 թվականի հոկտեմբերի 22-ին վերջինս Պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը:

ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10.000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցվել են «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը: Նույն որոշման 2-րդ կետով՝ մասնավորեցվող բաժնետոմսերի գին է սահմանվել 200.000 ԱՄՆ դոլարը:

«Ռոբերտո» ընկերության հիմնադիրները, սակայն, եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250.000 բելգիական ֆրանկ (այն ժամանակ եվրոն դեռ գործածության մեջ չէր): Այսինքն՝ ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750.000 ֆրանկ (հավասար է 18.592 եվրոյի):

«Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, ով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը:

«Արարատցեմենտ» ընկերությունը մասնավորեցնելու՝ ՀՀ Կառավարության որոշումից 6 ամիս անց՝ 2003 թվականի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման:

2003 թվականի հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 5 տարի անց՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ին:

Վարույթի քննությանը զուգահեռ՝ Դատախազությունը շարունակել է իրականացնել պետական շահերի պաշտպանության լիազորությունից բխող իր գործառույթները, այդ թվում՝ 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»: