«Արդյոք կողմերը կկարողանան ամերիկա-չինական մրցակցությունը պահել վերահսկվող շրջանակներում»․ Արտակ Զաքարյան
76
Այսօր, 13:24
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուսումնասիրոլով գլոբալ զարգացումները՝ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այսօրվա այցից, առաջին հերթին ակնկալվում է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հարաբերությունների կայունացման փորձ, այլ ոչ թե «մեծ պատմական համաձայնագիր»։ Օրակարգի գլխավոր թեմաներն են՝ առևտուրը, տեխնոլոգիաները և հատկապես ԱԲ-ն, Թայվանի շուրջ իրավիճակը, Իրանի հակամարտության հետ կապված հարցեր և համաշխարհային տնտեսություն ու հաղորդակցություններ։ Ամենահավանական զարգացումները հետևյալն են՝ Առևտրային «հրադադարի» երկարաձգում։ Մաքսատուրքերի և հազվագյուտ մետաղների սահմանափակումների շուրջ փոխադարձ սպառնալիքներից հետո՝ երկու կողմերն էլ շահագրգռված են գոնե ժամանակավորապես նվազեցնել լարվածությունը։ Հենց դա էլ ակնկալում են համաշխարհային շուկաները։ Մասնակի տնտեսական համաձայնություններ։ ԱՄՆ-ը ցանկանում է՝ ընդլայնել ամերիկյան ապրանքների գնումները Չինաստանի կողմից, ապահովել հազվագյուտ մետաղների կայուն մատակարարումները, թուլացնել ճնշումը ամերիկյան բիզնեսի նկատմամբ։ Չինաստանն իր հերթին ձգտում է թուլացնել ԱՄՆ-ի կողմից չիպերի և բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման սահմանափակումները։ Ընդհանուր առմամբ՝ բեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել, առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում: Սակայն արդեն իսկ հաջողություն պետք է համարել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև «կառավարվող մրցակցության» պահպանումը։ Թայվանի հարցում ևս վերջնական որոշումներ չի ակնկալվում։ Սա ամենազգայուն թեմաներից մեկն է։ Պեկինը պահանջելու է նվազեցնել Թայվանին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը, սակայն Թրամփի հնարավորություններն իրական զիջումների համար՝ սահմանափակ են, ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշման պատճառով։ Նախագահ Թրամփը փորձելու է Չինաստանին որևէ կերպ ներգրավվել կամ գոնե պայմանավորվել, Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում։ Վաշինգտոնը շահագրգռված է, որպեսզի Պեկինն օգնի նվազեցնել Հորմուզի նեղուցի շուրջ ռիսկերը և ազդեցություն գործադրի Թեհրանի վրա։ Դժվար է ասել՝ արդյոք Չինաստանը կընդունի դա որպես սակարկության թեմա, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ կապված է պատժամիջոցների և տեխնոլոգիաների շուրջ հարցում ձեռքբերվելիք պայմանավորվածությունից։ Հավանական քննարկում է սպասվում նաև Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ։ Շատ փորձագետներ կարծում են, որ այստեղ ԱՄՆ-ը դժվար թե հասնի էական զիջումների Պեկինի կողմից։ Քաղաքական առումով այցը կարևոր է նաև այն պատճառով, որ սա երկար տարիներից հետո՝ Թրամփի առաջին լիարժեք այցն է Չինաստան: Երկու կողմերն էլ ցանկանում են ցույց տալ, որ կարող են պահպանել ուղիղ երկխոսությունը՝ չնայած գոյություն ունեցող հակադություններին և առկա ռեգիոնալ հակամարտությանը։ Եթե ավելի լայն նայենք, ապա աշխարհի համար գլխավոր հարցն այն է, թե արդյոք ներկայիս ամերիկա-չինական մրցակցությունը կվերածվի երկարատև «սառը տնտեսական հակամարտության», թե՞ կողմերը կկարողանան այն պահել վերահսկվող շրջանակներում։ Թրանփի այս այցն՝ ամենայն հավանականությամբ, վերաբերում է երկրորդ տարբերակին»։