«Այս ընդդիմությունն ունակ չէ փողոցով իշխանություն վերցնելու»․ Սամվել Ֆարմանյան
106
Այսօր, 16:36
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարդալ հունիսի 8-ին... Ինչպես պատերազմում, ընտրություններում ևս հաղթում կամ պարտվում են հաշվարկի փուլում: Այսօր այդ փուլն ավարտվեց: Հունիսի 7-ին Նիկոլը հաղթելու է: Ավելի ճիշտ, ընդդիմությունն է պարտվելու, ինչպես 2021թ.: Պարտվելու է, որովհետև Քոչարյանի հիվանդ ամբիցիաների ու քինախնդրության պատճառով չհամախմբվեցին Սամվել Կարապետյանի շուրջ ու չկարողացան ընտրությանը մասնակցել մեկ ճակատով ու «ամեն գնով հեռացնել Նիկոլին» հաղթող նշանաբանով: Ես չեմ կարող խաբել՝ գնացեք-ընտրեք անցողիկ ընդդիմադիր ուժերից մեկին, որ անցնեն խորհրդարան ու «Գյումրի-2» անեն՝ Նիկոլին հեռացնեն: Ձեզ նման «իմաստուն» խոսքեր շռայլողներ առաջիկա ամսում չափից շատ կլինեն: Հունիսի 8-ին նրանցից ոչ մեկին, սակայն, դուք չեք գտնելու, որ հաշիվ պահանջեք, թե ինչու չեղավ: Հավես ու ցանկություն էլ չեք ունենալու: Համաձայն չեմ Տեր-Պետրոսյանի ակնարկին՝ հետընտրական ցնցումներ կարող են լինել: Ոչինչ էլ չի լինելու՝ այս ընդդիմությունը պատրաստ չէ, ունակ չէ փողոցով իշխանություն վերցնելուն: Խորհրդարան անցած ընդդիմադիր 2-3 ուժերը սիրուն գնալու են ԱԺ, վերցնելու են մանդատները և Նիկոլին արդեն ոչ այնքան «սուր» հարցեր են տալու: Ոմանք՝ հոգնած, ոմանք՝ ավելի խանդավառ: Անգամ չի քննակվելու, ԱԺ մանդատներից հրաժարվելով, Նիկոլի լեգիտիմության ճգնաժամ ստեղծելու սցենարը: Իսկ հետո արդեն անխուսափելիորեն կգա հունիսի 8-ը: Ու կլինի այն, ինչ արդեն նախազգուշացրել եմ... Կապրենք՝ կտեսնենք: Տա՛ Աստված՝ սխալված լինեմ: Հակառակը ոչ միայն մեր պետության, այլև Հայաստանում ապրող հարյուր հազարավորներիս դառը ճակատագիրն է արժենալու»։