Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 ապրիլի, 2026 թ.

«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան

75
Այսօր, 00:30
«Հայկական էլիտայի խնդիրը». Քրիստինե Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական էլիտայի խնդիրը
Երբ խոսում եմ էլիտայի մասին, նկատի չունեմ պարզապես հարուստներին կամ իշխանավորներին, այլ այն շերտը, որը կրում է պատասխանատվություն, ունի տեսլական և արժեհամակարգային հենք։
Հայոց ցեղասպանության համատեքստում մենք հաճախ խոսում ենք մարդկային ու տարածքային հսկայական կորուստներից, սակայն ցեղասպանությունը նաև, եթե ոչ առաջին հերթին, հայկական էլիտայի ծրագրված ոչնչացումն էր։
Հայկական էլիտային (ոչ միայն հայկական) հաջորդ կազմակերպված հարվածը (իհարկե անհամեմատելի Հայոց ցեղասպանության հետ) ԽՍՀՄ առաջին տասնամյակներում էր, որին, սակայն, հաջորդեցին էլիտայի ձևավորման համար նպաստավոր պայմանների ու համակարգերի ստեղծում ԽՍՀՄ ներսում։ Այդ նույն տասնամյակներին հայկական էլիտան վերածնվում էր նաև Սփյուռքում։
Հետո Արցախյան առաջին պատերազմն էր, որի ժամանակ չկար կազմավորված բանակ. մեծապես կամավորական սկզբունքով կազմված ջոկատներն էին որոշիչ, իսկ կամավոր պատերազմ են գնում խիստ որոշակի արժեհամակարգ ունեցող մարդիկ՝ արժեհամակարգ, որը բնորոշ է ազգային էլիտային։ ԽՍՀՄ տարիներին Սովետական Հայաստանում ու հայկական Սփյուռքում ձևավորված էլիտան էլ հենց մեծապես որոշեց պատերազմի ելքը։
Հետո արդեն տնտեսական դժվարության շրջանն էր ու ոչ լավագույն պայմանները՝ էլիտայի ձևավորման ու պահպանման համար։
Հիմա մենք ամենավառ կերպով տեսնում ենք այս բոլորի հետևանքները։
Բայց եթե Ցեղասպանության հետևանքով ոչնչացված հայկական էլիտան ձևավորվել էր Կ. Պոլսից մինչև Թիֆլիս գործող բարձրակարգ հայկական վարժարաններում, եվրոպական համալսարաններում սովորելու արդյունքում,
եթե սովետական շրջանում ազգային էլիտան ձևավորվեց «Ոսկե սերնդի» հիման վրա՝ պետական հստակ կրթական, գիտական, մշակութային քաղաքականության արդյունքում,
այսօր հայկական էլիտան ձևավորվում է Արցախյան շարժման փշրանքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության գոյության համար մղվող պայքարում։ Այս պայքարն այս իմաստն էլ ունի. եթե ուզում ենք իսկապես կենսունակ ու իսկապես հայկական պետություն, այս պայքարը պետք է ավարտվի հայկական մտածողության առանցքով էլիտայի ձևավորման համար անհրաժեշտ համակարգերի կառուցմամբ։
Առանց իսկապես հայկական մտածողություն ունեցող էլիտայի չենք ունենալու ռազմավարական մտածողություն. միայն սեփական շահերի մասին մտածողներով չենք կարողանալու կառուցել կենսունակ Հայաստան։ Ընդհանրապես չենք կարողանալու հաղթահարել մեր մարտահրավերներից և ոչ մեկը։
Մեզ հարկավոր է հայկական էլիտա, որը վերջին մեկ դարում հետևողական ոչնչացվել է, թիրախավորվել ու արդյունքում գրեթե վերացել։