Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 26 ապրիլի, 2026 թ.

«Արշակունիների, Բագրատունիների, Առաջին Հանրապետության վերջին օրերը այնպիսի ընթացք ունեին, ինչպես այսօր Երկրորդ Հանրապետությունը». Արա Պողոսյան

82
Այսօր, 11:36
«Արշակունիների, Բագրատունիների, Առաջին Հանրապետության վերջին օրերը այնպիսի ընթացք ունեին, ինչպես այսօր Երկրորդ Հանրապետությունը». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք՝ որպես ազգ և որպես պետություն, ձախողեցինք «Այլևս երբեք»-ը, այն չվերածելով համապարփակ ռազմավարության, և չստեղծելով այնպիսի նախնական պայմաններ, որոնք անհնար կդարձնեին «Այլևս երբեք»-ի ձախողումը, կամ առնվազն դրա գինն անասելի բարձր կլիներ: Սա ոչ միայն անվտանգության հարց էր, այլև արժանապատվության ու մենք պարտվեցինք՝ թույլ տալով 2020-2023 թվականների աղետը:
Մենք պարբերաբար կրկնում էինք «Այլևս երբեք» («Never again»), բայց չէինք մտածում այն մեխանիզմների մասին, որոնք «Այլևս երբեք»-ը («Never again») կգործնականացնեին՝ դարձնելով մեր կյանքի փիլիսոփայությունն ու մեր պետականության ֆունդամենտը:
Մենք ձախողեցինք իշխող էլիտաներ ձևավորելիս՝ դա դիտարկելով ոչ թե ազգային ու պետական մարտահրավերների առանցքում, այլ թիմային ու խմբային պայքարի, ինչը հանգեցրեց 2018 թվականին Հայաստանի ինստիտուցիոնալ կոլապսին ու որպես հետևանք՝ կոլաբորացիոնիստական մտածողության արմատացմանը հասարակության որոշակի շրջանակներում, ու որ առավել աղետալին էր՝ իշխող շրջանակներում:
2023 թվականին՝ Արցախում, էթնիկ զտումը վերջնականապես հարվածեց «Այլևս երբեք»-ի մեր բանաձևին, ցույց տալով, որ սխալվել ենք, որ այս պայքարում պարտվել ենք...
Ի տարբերություն մեզ Իսրայելը՝ որդեգրելով «Այլևս երբեք» («Never again») բանաձևը, այն գործիքայնացրեց, ստեղծելով իր «Samson option»-ը, որի փիլիսոփայությունն այն է, որ գոյաբանական սպառնալիքի դեպքում Իսրայելը իր հետ միասին կպայթեցնի ամեն ինչ... Գուցե ամորալ է հնչում, բայց տեսակի պաշտպանությունը չի կարող ճանաչել արգելքներ, այդ թվում՝ բարոյական:
Իսրայելում երբեք չասեցին, թե իրենց ԱՄՆ-ն կպաշտպանի, այլ ԱՄՆ-ն դիտարկեցին որպես օժանդակ ուժ գոյության պայքարի մեջ, բայց ոչ երբեք որպես հիմնական պաշտպան, և դա ստիպեց ձևավերել ուժի գեներացման սեփական բանաձևը:
Արդեն այսօր երբեմնի «հող խաղաղության դիմաց» բանաձևը ակտուալ չէ Իսրայելի համար, որովհետեւ Իսրայելը հասավ ուժի փոխարկման բարձր մակարդակի, որդեգրելով թրամփյան «Խաղաղություն ուժի միջոցով» բանաձևը:
Հայաստանի և Իսրայելի տարբերությունը պետականաշինության փիլիսոփայության մեջ է՝ ուժի փոխարկման: Նրանք ուժ գեներացնելու խնդիր ունեին, հետո՝ ուժի փոխարկման, իսկ հիմա՝ ուժի պրոյեկտման:
Մենք ունենալով ուժի պաշարներ, ձախողեցինք ուժի փոխարկման փուլում, զրկվելով ուժի պրոյեկտման հնարավորությունից:
Հիմա ունենք դեռ կարճ ժամանակ, վերաիմաստավորելու մեր անցյալն ու նախագծելու ապագան, որովհետեւ հաջորդ նման հնարավորությունն հավանաբար չեն ունենա:
Արշակունիների, Բագրատունիների և Կիլիկիայի հայկական թագավորության, Առաջին Հանրապետության վերջին օրերը ճիշտ այնպիսի ընթացք ունեին, ինչպես այսօր Երկրորդ Հանրապետությունը՝ հասարակության բևեռացվածություն և ներքին ատելություն, էլիտաների անզիջում պայքար իշխանության համար, արտաքին դերակատարների միջամտություն, կենտրոնական իշխանության անգործունակություն...
Պետք է գոնե այս անգամ՝ երկու հազարամյակների ընթացքում գեթ մեկ անգամ, կործանման շղթան ճեղքել...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան