Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.

«Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել»․ Գևորգ Դանիելյան

80
Այսօր, 15:48
«Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել»․ Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն հայության պարագայում ավելի նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է, այն է՝ իսպառ ոչնչացնել հայի ինքնության բոլոր հենասյունները՝ Ազգային Եկեղեցին, մշակույթը, պատմությունը, որպեսզի անարգել յուրացնեն հայության պատմական տարածքները և ողջ քաղաքակրթական արժեհամակարգը։ Իսկ այն, ինչ հնարավոր չէ լինում յուրացնել՝ բարբարոսաբար ոչնչացնում են։ Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, ուստի կարիք չկա քննարկել ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի հետադարձ ուժի հարցը, քանզի 1948 թվականից առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ։
Հ.Գ. Երբ հարց է հնչեցվում, թե ինչո՞ւ չեն արձագանքում հենց այս պահին Արցախում հայության պատմամշակութային սրբավայրերի ոչնչացման փաստերին, շրջանցելով Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասի հիմնադրույթները, պատասխանում են, թե դա այլ պետության տարածքում է և իբր հայելային դրսևորում է։ Դեռ մի կողմ թողնենք, որ այդ բարբարոսությանը ոչինչ համարժեք տեղի չի ունենում Հայաստանում, իսկ եթե անհարկի պետք է շահարկենք «հայելային» շահերի կեղծ օրակարգը, ապա դրա վերջն այդպես էլ չենք տեսնելու, ադրբեջանական կողմը միշտ մի «լրջագույն» կեղծիք կհորինի։ Ընդ որում՝ նույն այդ քաղաքական ուժը Հայոց Կաթողիկոսին հրաժարական պարտադրելը արձանագրել է որպես նախընտրական քաղաքական ծրագիր, մոռանալով ոչ միայն Սահմանադրությունը, այլև այն, որ խոսքը ոչ թե հայաստանյան ընտրողների, այլ համայն հայության (որի շուրջ 2/3-րդը սփյուռքում է) կողմից ընտրված հոգևոր առաջնորդի մասին է։ Թեպետ՝ վստահ եմ, որ անգամ հայաստանյան ընտրողներն արդեն խորքային պատկերացում ունեն, թե ինչ է իրականում տեղի ունենում, անհեռատեսորեն ում ձգտումներին և վերջնական ինչ նպատակներին են ամեն գնով փորձում հագուրդ տալ...»։

Աղբյուրը`   Գևորգ Դանիելյան