Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 ապրիլի, 2026 թ.

«Պարտավոր ենք լինել հաստատուն մեր պահանջատիրության մեջ»․ Մանե Թանդիլյան

41
Այսօր, 14:42
«Պարտավոր ենք լինել հաստատուն մեր պահանջատիրության մեջ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «1915 թվականին հայերի նկատմամբ իրագործված ոճիրը նպատակ ուներ բնաջնջել մի ամբողջ ժողովուրդ, նրա մշակույթն ու պատմությունը։
Սակայն հայ ժողովուրդն ապրեց՝ ապացուցելով, որ նույնիսկ ամենամեծ ողբերգությունն անկարող է կոտրել այն ազգի ոգին, որը հառնելու զորություն ունի նույնիսկ մոխրից։
Ցավոք, մեր ազգի նկատմամբ եղերական գործողությունները շարունակվում են առայսօր։ Միթե յուրօրինակ եղեռն չէր արցախահայության էթնիկ զտումն ու բռնի տեղահանության դաժան ճանապարհը, ազգային ատելությամբ պայմանավորված քաղաքականություն չէ՞ հայերի գերեվարումն ու ապօրինի դատապարտումը, եղեռնագործություն չե՞ն ամբողջ Արցախով մեկ հայ ժողովրդի հետքի վերացմանն ուղղված ջանադիր քայլերը։
Այսօր, առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք լինել հաստատուն մեր պահանջատիրության մեջ։ Հիշել ոչ միայն ցավով, այլ նաև հստակ գիտակցությամբ, որ հիշողությունը պատասխանատվություն է։ Պահանջել՝ ոչ թե որպես անցյալի արձագանք, այլ որպես ապագայի երաշխիք։ Ձգտել արդարության՝ ոչ թե խոսքով միայն, այլ հետևողական և միասնական գործով։
Խոնարհվում ենք անմեղ զոհերի հիշատակի առաջ։
Հիշում ենք։ Պահանջում ենք։ Չենք լռելու»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան