Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 17 ապրիլի, 2026 թ.

«Հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է»․ Հակոբ Բադալյան

65
Այսօր, 16:48
«Հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևոր է համարել Հայաստանում ֆրանսիական կապիտալով ընկերությունների գործունեությունը:

Հարց է առաջանում՝ ո՞ւր է այդ ընկերությունների գործունեությունը: Կա՞ Հայաստանում ֆրանսիական կապիտալով ընկերությունների գործունեության աճ, զարգացում, այսպես ասած՝ ավելացում, ֆրանսիական ներդրումներ: Ոչ: Հայաստանում գործում են այն ընկերությունները, որոնք եղել են մինչև 2018 թվականը: Դրանից հետո, անցնող ութ տարիների ընթացքում, հայ-ֆրանսիական հարաբերության վերաբերյալ ճոռոմաբանությունը բազմապատկվել է երկու կողմից էլ՝ թե պաշտոնական Երևանի, թե Փարիզի, սակայն հարաբերության իրական, գործնական, խորքային ցուցիչը՝ տնտեսությունը, ըստ էության բացակայում է:

2021 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան Փարիզում ստորագրեցին տնտեսական հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ: Ո՞ւր է, ի՞նչ քայլեր են արվել այդ քարտեզով: Հինգ տարվա ընթացքում հայ-ֆրանսիական տնտեսական կոպերացիան որքանո՞վ է աճել: Գրեթե ոչնչով:

Պետական ծրագրերով իրականացվող ֆինանսավորումը այստեղ բացարձակապես ցուցիչ չէ, որովհետև պետական ծրագիրն առավելապես քաղաքական նկատառումներով պայմանավորված աշխատանք է: Տնտեսական սուբյեկտների հետաքրքրությունն ու ներգրավվածությունն է, որ փոխադարձ հարաբերության իրապես ամրության վկայություն է: Իսկ Ֆրանսիայի տնտեսական սուբյեկտների հետաքրքրություն Հայաստանի տնտեսությամբ, գործնականում չկա»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան