«Ալիևը պատվիրում է, Փաշինյանը՝ մատուցում»․ Սևակ Հակոբյան
88
Այսօր, 14:24
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հանրությանն ամիսներ շարունակ կերակրում էին ինչ-որ վերացական «խաղաղության» հեքիաթներով, հիմա ասում են՝ որպեսզի խաղաղություն լինի, պետք է վերընտրվի պատերազմների ու ողբերգությունների սիմվոլը, որ էլի հանձնի, որ չկրակեն։ Փաստերով արձանագրենք մեր պետականության հիմքերին սրանց մահացու հարվածները․ Ինչ այսօր անում է իշխանությունը Եկեղեցու՝ հոգևոր հենասյան նկատմամբ, պատահական չէ։ Թուրքական վիլայեթ դառնալու մտքին համակերպվելու համար մեզ պետք է կտրեն արմատներից, պատմությունից ու եկեղեցուց։ Թվում էր՝ նախընտրական դադար են վերցրել, բայց երեկ Փաշինյանն այցելելով եկեղեցի, դարձյալ սադրանքի դիմեց։ Պետությունն առանց մարտունակ բանակի՝ ընդամենը տարածք է, որտեղ թշնամին երբ ուզի՝ կմտնի։ Երբ Հայաստանից օկուպացված տարածքները հետ բերելու հարցում բանակն անելիք չունի, էլ ի՞նչ մարտունակ։ Էլ չեմ ասում, որ անընդհատ լսում ենք ներսում միջադեպերի մասին։ Մեկ հարված էլ ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ինքնասպանական խզումն է։ Աշխարհաքաղաքական կանոն է՝ չես քանդում միակ կամուրջդ, մանավադ որ նորը չես կարողանում կառուցել։ Արևմուտքի օգնությամբ իրենց իշխանությունը պահելու համար ամբողջությամբ փլուզեցին հայ-ռուսական անվտանգային ճարտարապետությունը։ Մյուս հարվածը տնտեսության խեղճացումն էր․ վտանգը մեծ է, որ թուրք-ադրբեջանական կապիտալն ուղղակի կուլ է տալու Հայաստանը, և մեր ենթակառուցվածքները, մեր լոգիստիկան, մեր էներգետիկան հայտնվելու են նրանց վերահսկողության տակ։ Սա լինելու է լուռ, տնտեսական օկուպացիա։ Մենք այլևս ապրելու ենք նրանց թելադրած գներով ու պայմաններով։ Եվ վերջապես՝ Բաքվի բացարձակապես բոլոր պահանջների կատարում։ Կարծես Ալիևը ռեստորան է մտել, որի մենյուն Հայաստանն է․ նա պատվիրում է, Փաշինյանը՝ մատուցում։ Պատվիրում է Տավուշից գյուղեր՝ տալիս են, Արցախի էջի փակում՝ փակում են։ Սահմանադրության փոփոխում՝ փոխում են։ Հանուն նրա, որ «մատոցողը» մնա իր գործին։ Երբ այս կետերն իրար եք միացնում, արդյունքում սպասվում է ոչ թե անկախ ու խաղաղ Հայաստան, այլ հենց այն «Արևմտյան Ադրբեջանը», որի քարտեզը Բաքվում արդեն գծել են ու դրել Նիկոլի սեղանին։ Սա ոչ թե սխալվում է, այլ կատարում է տրված առաջադրանքը։ Եթե շարունակենք հանդուրժել, վաղը մեր երեխաները սեփական հայրենիքում ապրելու են որպես ճորտ կամ փախստական»։