Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 մարտի, 2026 թ.

«Եթե իմ տղան շարունակի մնալ բանտում, ես չեմ դիմանա»․ կալանավորվածի հայր

73
Այսօր, 15:36
«Եթե իմ տղան շարունակի մնալ բանտում, ես չեմ դիմանա»․ կալանավորվածի հայր

Արտաշատում 2024թ․ վիճաբանության ժամանակ սպանված 15-ամյա Ռուբեն Ռուբենյանի սպանության գործով ձերբակալված Տիգրանի և Արմանի հարազատներն ու մյուս սպանվածի՝ Արտակ Մաթևոսյանի հարազատներն այսօր հավաքվել էին Արտաշատի մարզային դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով մեղադրող դատախազից ապահովել գործի պատշաճ ու լիարժեք քննություն։ Ըստ նրանց՝ քննիչն իրականացրել է թերի, բացթողումներով լի նախաքննություն, ինչի հետևանքով արդեն մեկուկես տարի է կալանավորված են անմեղ տղաներ։

«Եթե դատաքննության արդյունքներով կհիմնավորվի, որ նրանք արդար են, առաջինը ես մեղադրանքից կհրաժարվեմ։ Գործը դատարանում է, իրականացվում է դատաքննություն, դատալսումներ, եթե ինչ-որ դիտողություն կամ առարկություններ ունեք, կարող եք դատարանում բարձրաձայնել»,- հարազատների հետ հանդիպման ժամանակ ասել է դատախազ Ռշտունին։

«Տատիկն ասում է՝ 2 րոպե շուտ գայի, ամեն ինչ կտեսնեի։ Տատիկի ցուցմունքով մարդ եք պահում բերդում, նա իր բերանով ասում է, որ դեպքի վայրում չի եղել։ Արտակի ավտոյի բագաժնիկում 2 հատ փայտի կտոր եք հայտնաբերել, պարոն Պողոսյանը դրանք դարձրել էր եսիմ ինչ։ Ձեր տարած քննությունն ու դատավարությունը չեք զգո՞ւմ, որ իմաստ չունի»,- դիմելով դատախազին՝ ասել է կալանավորվածներից Արմանի հայրը։ «Իմ անմեղ տղան, որ հիմա գտնվում ա բերդում, ո՞վ է պատասխան տալու։ Դուք չեք զգո՞ւմ, որ ձեր վարած դատավարությունով չեք թողնում որ մենք քնենք, ես չեմ կարողանում քնել, որ իմ անմեղ տղան հիմա բերդում է, իսկ ես իմ տան մեջ պառկած եմ։ Եթե իմ տղեն էլի մնաց բանտում, ես չեմ դիմանա»,- շարունակել է հայրը։
Այս գործով կալանավորված երիտասարդների ծնողները նշել են՝ ստիպված են լինելու պայքարը շարունակել Երևանում։

Տեսանյութը՝ «Իրականում»-ի