Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.

«Ընկեր Աղվան, ես երբեք հրապարակավ չեմ ստում»․ Արմեն Աշոտյան

70
Այսօր, 16:42
«Ընկեր Աղվան, ես երբեք հրապարակավ չեմ ստում»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընկեր Աղվան, մեր նախագահն իր տեղում է, իսկ ձերը՞։
Ընկեր Աղվանը, թողնելով նախընտրական եռուզեռը և չհամակերպվելով Գյումրիում տեղի ունեցած միջադեպին իմ պատեհ արձագանքի հետ, օրեր անց որոշել է մի առանձին հոդվածով արձագանքել ինձ։
Ինչ խոսք, նա գրավոր խոսքի վարպետ է, շատ ավելի հմուտ, քան Գյումրիում տեղի ունեցածի ընթացքում էմոցիոնալ և, մեղմ ասած, անհաջող բանավոր ձևակերպումները «ով է բերել Նիկոլին» հարցի շուրջ։
Սակայն նույնիսկ աշխատած և մշակված գրավոր տեքստում իր մոտ չստացվեց խուսափել իրավիճակն էլ ավելի սրող ձևակերպումներից։ Էլ չեմ ասում չհիմնավորված մեծամտության և պսևդոմենթորական տոնի մասին։
Եթե իրոք գնահատում ես հարաբերություններ, մեկընդմիշտ մոռացիր այդ տոնը մեզ հետ շփումներում։
Եվ քանզի ինքս բարձր եմ գնահատում մեր հարաբերությունները, ուստի չեմ կարող անտարբեր անցնել իր աշխատանքի արդյունքում ստեղծված տեքստի կողքով, չարձագանքել և արհամարել այն։
1. Ընկեր Աղվան, ես (քո ասած «Աշոտյանը») երբեք հրապարակավ չեմ ստում։ Սա ընդունիր որպես աքսիոմ, որպես ոսկե կանոն, որպես կարմիր գիծ, որպես նախանձելի օրինակ։
2. Քեզ ոչ ոք չի մեղադրել այդ բեմադրության մեջ, բեմադրել են ուրիշները։ Օրինակ, նրանք, ովքեր ձեր ճամբարում տարիներ շարունակ թույն ու մաղձ են տարածում Հանրապետականի հասցեին։ Նրանք, ովքեր Նիկոլին թողած իրենց քարոզչական ռեսուրսները (ՏԳ, ֆեյքեր, կայքեր) ուղղում են մեր դեմ։ Նրանք, ովքեր այնքան են եփել այդ լեղապուրն ու մաղձաբրդոշը, որ արդեն դահլիճներում են հնչեցվում անհարիր և անբարո մեղադրանքներ Հանրապետականի հասցեին։
3. Բեմադրություն ասեցիր՝ հիշեցի. «տարանջատում» օպերացիայից ի՞նչ կա։
4. Մեզ Նիկոլին բերելու մեջ ցանկացած մեղադրանք, անկախ թե ում կողմից է հնչեցվում, անձնական վիրավորանք է իմ և իմ կուսակցության հասցեին՝ այստեղից բխող բոլոր լեգիտիմ և ոմանց համար դառը հետևանքներով։
5. Ընկեր Աղվանը նեղսրտում է, երբ ի արձագանք իր երկիմաստ և սադրիչ ձևակերպումների ես ընդամենը հիշեցնում եմ «ով է բերել Նիկոլին» հարցի ավելի թիրախային հասցեատերերին։ Մի նեղվիր, փոխարենը պատրաստ եղիր ձեր իսկ կողմից շահարկվող թեմայի անխուսափելի և հիմնավոր զարգացումներին։
6. Ընկեր Աղվանին թվաց, թե ուժեղ վերջաբան է գտել իր գեղարվեստական էսսեի համար՝ «Վատն է այն փոխնախագահը, որ չի ուզում նախագահ դառնալ»։ Նա չգիտի, որ սնափառությունն իմ ամենասիրված մեղքը չէ։
Իսկ թե որն է՝ նախկինում կկիսվեի իր հետ, բայց նա իր հոդվածում արգումենտների սակավությունը փորձեց կոմպենսացնել առանց իմ համաձայնության անձնական զրույցի վրա հրապարակավ հղում անելով (այն էլ՝ կամայական և աղճատված)։ O tempora, o mores:
Եվ ի վերջո, ընկեր Աղվան, մեր նախագահն իր տեղում է, իսկ ձերը՞…
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, ովքեր կարծում են, որ ընդդիմադիր ճամբարում ներքին բախումների ժամանակը չէ։ Ես չեմ սկսել, բայց ոչ մի բան անպատասխան չեմ թողնելու։ Բավ է»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան