«Դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին»․ Սամվել դպիր Գրիգորյան
95
Այսօր, 10:00
Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր երեկոյան Ճրագալույցի Պատարագին մենք միմյանց կհղենք բաղձալի Ավետիսը․ Քրիստոս Յարեավ ի մեռելոց։ Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Ձեզ և մեզ մեծ ավետի՜ս: Մի կողմ թողնելով կատարվածի բուն պատճառները, որոնց մասին շատ է գրվել ու խոսվել, դիմում եմ Դավիթի ազատազրկման բոլոր պատասխանատուներին՝ վերևից մինչև ներքև. 1. Դուք այսօր միգուցե կմասնակցեք Ս.Պատարագի: Հիշե՛ք, որ Պատարագը նախևառաջ անհիշաչարության, անոխակալության, ներման խորհուրդ ունի (Մատթ. 5:23-24): Մտորե՛ք սրա մասին ու ջանք գործադրե՛ք քրիստոնեավայել լուծում տալ այս իրավիճակին: 2. Դուք հավանաբար կհավաքվեք զատկական սեղանի շուրջ՝ նշելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հաղթական Հարության տոնը: Հիշե՛ք, որ մի քրիստոնյա պատանի այսօր եկեղեցում և իր ընտանիքում այս տոնը դիմավորելու փոխարեն հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է հայտնվել: Մտորե՛ք սրա մասին ու ջանք գործադրեք քրիստոնեավայել լուծում տալ այս իրավիճակին: 3. Հիշե՛ք, որ Սուրբ Հարության խորհուրդը Աստծո անհուն ողորմության դրսևորումն է և «․․․ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Յակ․ 2:13)։ 4. Հիշե՛ք, որ արդարադատությունը, որը զուրկ է մարդասիրությունից և գթասրտությունից, վերածվում է դաժանության։ Եթե Աստված ներեց մարդկությանը խաչելության սարսափից հետո, ապա մարդը պետք է ուժ գտնի իր մեջ ազատ արձակելու նրան, ում կյանքը վտանգված է։ Նամանավանդ Դավիթի դեպքում դեռ պետք է ապացուցվի նրա մեղքը և նոր կայանա նրա դատավճիռը: 5. Հիշե՛ք, որ Ավետարանում կարդում ենք, որ Տեր Հիսուսի թաղումից հետո իշխանությունները կնքեցին գերեզմանը և պահապաններ դրեցին, որպեսզի «լույսը դուրս չգա»։ Բայց ոչ մի կնիք և ոչ մի շղթա չկարողացան պահել հաղթական Հարությունը։ Դուք հիմա ունեք հնարավորություն Պիղատոսի պես ձեռքերը չլվանալու, քահանայապետերի ու փարիսեցիների պես «խաչը հանիր» չկանչելու, հռոմեացի զինվորների նման պատմուճանի վրա վիճակ չգցելու․ այսինքն՝ փոխելու ձեր որոշումը։ 6. Հիշե՛ք, որ Սուրբ Հարությունը պատգամում է, որ ոչինչ թաքուն չի մնում, և մարդու յուրաքանչյուր արարք պիտի ենթարկվի ահեղ դատաստանի հավիտենականության լույսի ներքո (Յայտ. 14:7)։ Ուստի, ովքեր առիթ ունեն արդարություն անելու, բայց վախից կամ շահից դրդված՝ լռում են կամ թույլ են տալիս անարդարություն, չեն մոռացվելու Աստծո Գառի առաջ։ 7. Հիշե՛ք, որ Քրիստոս Հարություն առավ, որպեսզի մարդը Կյանք ունենա։ Պատանին, ով գտնվում է վերակենդանացման բաժնում, մաքառում է հենց այդ Աստվածատուր պարգևի համար։ Որևէ աշխարհիկ, անձնական, իրավական հաշվարկ չի կարող արդարացնել մարդկային կյանքի վտանգումը։ Ազատ արձակելով Դավիթին՝ դուք ոչ թե թուլություն եք ցուցաբերում, այլ հարգանք եք մատուցում Կյանքի Արարչին՝ հատկապես մարդկության պատմության այս սրբազան օրերին։ 8. Հիշե՛ք, որ Սուրբ Հարության տոնը նաև սիրո, ներման, հոգևոր բերկրանքի, բարիք գործելու, բարի կամք դրսևորելու և մահից ազատագրման տոն է։ Հին ավանդույթի համաձայն՝ մեծ տոներին ընդառաջ թագավորներն ու դատավորները ներում էին շնորհում և ազատում բանտարկյալներին՝ ի նշան Աստծո ներողամտության, իսկ Դավիթը պատիժը կրող հանցագործ էլ չի: 9. Թո՛ղ Սուրբ Հարության լույսը փափկեցնի ձեր սրտերը։ Թո՛ւյլ տվեք, որ պատանին իր առողջացումը տոնի ազատության մեջ՝ իր հարազատների կողքին (Ա Տիմ. 2:1-3): 10. Մի՛ ստանձնեք մի բեռ, որը հավիտյան ծանրանալու է ձեր խղճին և հոգուն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․ «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» (Մատթ․ 5:7)։ Խնդրանքով դիմում եմ նաև բոլոր գթասիրտ և կարեկից քրիստոնյաներին, ովքեր գիտակցում են, որ հիմա Դավիթն անցնում է իր յուրօրինակ խաչի ճանապարհը․ 1. Եկեք այսօր Ս․Պատարագին շարունակենք աղոթել Դավիթի համար (Ղուկ. 11:7): 2. Բժշկության աղոթաթղթերի վրա չմոռանանք մեր հարազատների հետ հիշատակել նաև Դավիթի անունը (Յակ. 5:13-15): 3. Խնդրենք Տեր Հիսուսին, որ Իր պաշտպանության ներքո պահի Իր Դավիթ ծառային, շուտափույթ բժշկություն պարգևի և իմաստություն տա բժիշկներին (Մատթ. 7:7-12): Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության լույսը, հույսը, սերը, շնորհը և ողորմությունը թող պարուրի բոլորիս սրտերը, հալեցնի քինախնդրության սառույցը և փակի չարախոս բերանները։ Ամեն»։