Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 04 ապրիլի, 2026 թ.

Բևեռի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է

77
Այսօր, 10:18
Բևեռի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պատմական ընտրության առջև։ Այսօր խաթարված է պետության ինքնիշխանությունը, վտանգված է պետականության ապագան, սասանված է ազգային անվտանգությունը, խախտված է տարածքային ամբողջականությունը, և ոտնձգությունների է ենթարկվում հայոց ինքնությունը։ Այս իրավիճակը պայմանավորված է ոչ միայն իշխանությունների առանձին սխալներով, այլ առաջին հերթին՝ ներկա և նախորդ իշխանությունների վարած և վարվող քաղաքական ուղու սխալ ընտրությամբ։
Ազգային-ժողովրդավարական բևեռը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության առջև կանգնած խնդիրները չեն կարող լուծվել նույն քաղաքական համակարգի և նույն քաղաքական մտածողության շրջանակներում։ Անհրաժեշտ է պետական քաղաքականության արմատական փոփոխություն և նոր ազգային-պետական ռազմավարություն։
Այդ նպատակով Ազգային-ժողովրդավարական բևեռը, շարունակելով իր հետևողական, չընդմիջվող և գործուն պայքարը, որոշել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Հայաստանի Հանրապետության զարգացման նոր քաղաքական ուղի կերտելու և պետական համակարգի ձևավորման վրա ներազդելու համար։
Մեր հիմնական նպատակներն են՝
Պետական ինքնիշխանության վերականգնումը Ազգային ժողովրդավարական բևեռի համար հանդիսանում է գերակա և առաջնահերթ նպատակ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի լիարժեք ինքնիշխան պետություն, ոչ թե արտաքին թշնամական ուժերի ազդեցության գոտի։ Պետությունը պետք է ծառայի ազգային շահին՝ համախմբի աշխարհասփյուռ հայության հավաքական ներուժը հանուն հայոց պետության հզորացման և հարատևության, հանուն հայ ժողովրդի անիրավված իրավունքերին տեր կանգնելու։
Ըստ այդմ, պետք է իրականացվեն հետևյալ քայլերը․
1. Անվտանգության նոր համակարգի ձևավորում
Հայաստանի անվտանգությունը պետք է հիմնվի սեփական ժամանակակից պաշտպանական համակարգի, ինքնաբավ արդի տնտեսության, ազգային հոգևոր դիմադրության և նոր միջազգային ռազմաքաղաքական դաշնակիցների վրա։
2. Արտաքին քաղաքականության վերակողմնորոշում
Հայաստանը պետք է դառնա ձևավորվող անվտանգության համակարգերի մաս՝ զարգացնելով ռազմավարական հարաբերություններ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ։
3. Տնտեսության «խելացի» վերածնունդ
Պետությունը ոչ թե պարզապես պետք է անարդար բաշխի բյուջեն, այլ դառնա յուրաքանչյուր քաղաքացու գործընկերը՝ արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ներդրմամբ արմատախիլ անելով կոռուպցիան ու բյուրոկրատիան, բազմապատկելով հավելյալ արժեքը եւ այն վերածելով բարձր աշխատավարձերի, արժանապատիվ թոշակների, առաջադեմ կրթության և որակյալ առողջապահության։
4. Արցախի հարցի վերադարձ միջազգային քաղաքական օրակարգ
Արցախի հարցը պետք է վերադարձվի միջազգային քաղաքական օրակարգ և իր արդար լուծումը ստանա իրավական հենքի վրա՝ Հայկական հարցի լուծման ընդհանուր ծիրի մեջ։
5. Արդար և արդյունավետ պետական համակարգ
Օրենքի գերակայություն, անկախ դատարաններ, ընդգրկուն լյուստրացիա, իրական և արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ և սոցիալական արդարություն։
Ինչու ենք մասնակցում ընտրություններին
•Մենք մասնակցում ենք ընտրություններին, որովհետև թշնամու հետ համագործակցող իշխանությունների հեռացումը պատմական հրամայական է՝ որպես հայոց պետականության և հայոց ազգային ինքնության պահպանման առաջնային նախապայման։
•Մենք մասնակցում ենք ընտրություններին, որովհետև իշխանության հարցը լուծվում է իշխանության ձևավորման պայքարին մաս կազմելով։
•Մենք գնում ենք ընտրությունների ոչ թե տեղեր զբաղեցնելու, այլ պետության քաղաքական ուղու փոփոխությանը մեր վճռորոշ նպաստը բերելու համար։
•Մենք ընտրություններին մասնակցում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդն ունենա իրական քաղաքական ընտրություն՝ ներկա կործանարար կածանի և նոր ազգային-պետական ուղու միջև։
Վարչապետի մեր թեկնածուն և պայքարի առաջամարտիկները
Ազգային-ժողովրդավարական Բևեռը ժամանակին վարչապետի թեկնածու է առաջադրել Վարուժան Ավետիսյանին։ Մենք վերահաստատում ենք մեր ընտրությունը, որովհետև գնդապետ Ավետիսյանը երկար տարիներ եղել է ազգային-ազատագրական պայքարի առաջնագծում, ենթարկվել է քաղաքական հետապնդում-ների և իր գործունեությամբ ապացուցել է, որ առաջնորդվում է բացառապես պետական և ազգային շահերով։ Նա համակարգից դուրս զինվորական և քաղաքա-կան բազմափորձ, խորագետ առաջնորդ է, ունի գաղափարական հստակ դիրքորոշում և անսասան կամք՝ իրականացնելու անհրաժեշտ պետական փոփոխությունները։
Այսուհանդերձ, նկատի ունենալով ընտրապայքարին Վարուժան Ավետիսյանի անմիջական մասնակցության իրավական խոչընդոտները, նա հնարավորինս քարոզարշավին կմասնակցի հեռակա՝ ընտրապայքարի վերջին օրերին կամ օրերս առաջացած առողջական խնդիրները հաղթահարելուց հետո։ Մինչ այդ ընտրապայ-քարի ողջ ծանրությունն իրենց ուսերին կկրեն Ազգային-ժողովրդավարական բևեռի նոր սերնդի երիտասարդ ներկայացուցիչները, որոնք էլ կլինեն ընտրացուցակի առաջին համարներում։
Մենք գնում ենք ընտրությունների՝
ոչ թե հարմարվելու, այլ փոխելու,
ոչ թե մասնակցելու, այլ ժողովրդի հաղթանակի մեջ մեր մասնաբաժինն ունենալու,
ոչ թե կառավարելու, այլ պետություն կառուցելու»։