«Փաշինյանն ամեն ինչ անում է՝ հայկականությունն արմատախիլ անելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
76
Այսօր, 15:36
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտյան մամուլն ընթերցելիս՝ կարդացի, որ Արցախի դրոշը դպրոցի «փառքի անկյունից» չհեռացնելու համար օրերս աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրենը։ Հատկանշական է այն, որ դրոշն Արցախի Հադրութի շրջանից են ուղարկել Սարդարապատի աշակերտներին՝ որպես երախտագիտության նշան, որ դպրոցի սաները թե՛ ապրիլյան պատերազմի, թե՛ 44-օրյայի օրերին քաղցրավենիք են ուղարկել Հադրութի զինծառայողներին։ Ըստ էության՝ տեղի ունեցածը Փաշինյանի և նրա թուրքահպատակ թիմի հերթական հակահայկական պոռթկումներից մեկն է, որով նրանք մարդկանց մոտ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել՝ Արցախի և ընդհանրապես Հայոց պատմության ու հաղթանակների հետ կապված։ Փաշինյանն ամեն ինչ անում է, ասեմ ավելին, ավելի ցցուն ու կոշտ է անելու (եթե Աստված մի արասցե վերատադրվի)՝ մարդկանց միջից հայրենասիրության ու հայկականության ամեն տարր արմատախիլ անելու նպատակով։ Ի դեպ՝ ես լուրջ մտավախություններ ունեմ, որ սրանց հաղթանակի դեպքում, լայնածավալ նոր գրոհ է սկսվելու։ Լրիվ իրատեսական շարքից է, որ հենց սկզբից կփակվի Ցեղասպանության ինստիտուտը (մենք պահանջատեր չեն լինելու), Պատմության ինստիտուտի ու Գիտությունների ակադեմիայի մի շարք հայագիտական ու հայոց պատմության առանձին դրվագներն ուսումնասիրող բաժիններ (Ղարաբաղյան շարժամ էջը փակված է), որոնք տարիներ շարունակ առանցքային դեր ու նշանակություն են ունեցել հայապահպանության ու հայեցի դաստիարակության գործում։ Թերևս այս հարցերն արդեն իսկ դրված են Փաշինյանի աշխատանքային սեղանին, ու նա դա ամեն ինչ անելու է մեկ շնչով ի կատար ածելու համար։ Կդադարենք տոնել (չնայած արդեն իսկ մարման է գնում) Սարդարապատի ու Բաշ Ապարանի հերոսամարտերի մայիս 28-ի միջոցառումները, դե իսկ Մեծ Հայրենականը կներկայացնեն որպես «կայսրության քաղաքականության սպասարկման» մի դրվագ՝ հաշվի չառնլով այդ պատերազմում հայ ազգի ունեցած անուրանալի ավանդը։ Հաջորդիվ՝ «Հայոց պատմության» դասագրքերից կհանվեն (մասամբ արդեն հանված են)՝ ֆիդայական շարժման, ազգային ազատագրական պայքարի, կուսակցությունների պատմության, նրանց ունեցած ավանդի մասին թեմաները, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, 1922-1991 թվականները կնկարագրվեն՝ «գերության 70-ամյակ», դե իսկ 1991-2018 թվականները՝ «թալանի ու կոռուպցիայի էպոխա»։ Խորենացին ու Րաֆֆին ու Շիրազն ու Չարենցը անհասանելի կլինեն «Արարատի լուսապսակ գագաթի նման»։ Եվ ամեն ինչի սկզբնակետ կհայտարարվի չարաբաստիկ 2018-ը։ Ահա այն ամենն՝ ինչը պետք է իմանալ փաշինյանական առաջիկա «ազգային» օրակարգերի մասին»։