Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ.

«Երբ արտաքին ճնշումը մեծ է, ներսում ստեղծվում է այլ աղմուկ»․ Գրիշա Սանդալյան

62
Այսօր, 12:42
«Երբ արտաքին ճնշումը մեծ է, ներսում ստեղծվում է այլ աղմուկ»․ Գրիշա Սանդալյան

Հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտում Ռուբեն Վարդանյանին։
Ծանրագույն քաղաքական իրադարձություն։ Ազգային ցավ։ Պետական փորձություն։
Եվ նույն պահին Հայաստանի տեղեկատվական դաշտում հայտնվում է Աննա Հակոբյանի հերթական հրապարակումը։
Թեմա, որը կապ չունի ոչ դատավճռի հետ, ոչ գերիների հետ, ոչ պետական պատասխանատվության հետ։
Սա արդեն պատահականություն չէ։ Սա մեթոդ է։
Երբ արտաքին ճնշումը մեծ է, ներսում ստեղծվում է այլ աղմուկ։
Երբ պետք է քննարկվի ազգային արժանապատվությունը, մեզ հրավիրում են քննարկելու երկրորդական բաներ։
Երբ Բաքվում դատում են հայի, այստեղ զբաղեցնում են հանրության ուշադրությունը։
Քաղաքական տեխնոլոգիան պարզ է։
Չես կարողանում պաշտպանել՝ շեղիր։
Չես կարողանում պատասխանել՝ աղմուկ ստեղծիր։
Չես կարողանում լուծել՝ փոխիր օրակարգը։
Խնդիրը Աննա Հակոբյանի գրառման բովանդակությունը չէ միայն։
Խնդիրը այն է, որ իշխանական ընտանիքը տարիներ շարունակ տեղեկատվական շեղումը դարձրել է գործիք։
Երբ պետական համակարգը լռում է, իսկ առաջին դեմքերի ընտանիքն ակտիվորեն արտադրում է նոր թեմաներ, հասարակությունը բաժանվում է, բևեռացվում և հիմնական հարցը մղվում է ետին պլան։
Ռուբեն Վարդանյանի դատավճիռը մեկ անձի մասին չէ։
Սա պետության մասին է։
Սա մեր կեցվածքի մասին է։
Սա այն մասին է՝ արդյոք մենք ունե՞նք կենտրոնանալու ունակություն, թե՞ պատրաստ ենք ամեն անգամ շեղվել։
Եթե ամեն ծանր լուրի պահին հայտնվում է «այլ թեմա»,
ապա հարցը միայն իշխանությանը չէ։
Հարցը նաև մենք ենք։
Որովհետև շեղումը գործում է միայն այն ժամանակ, երբ մենք համաձայն ենք շեղվել»։

Աղբյուրը`   Գրիշա Սանդալյան