Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 փետրվարի, 2026 թ.

«Հանուն հայրենիքի զոհվածների անունները պետք է տեսանելի լինեն Եռաբլուր այցելած յուրաքանչյուր մարդու համար». Արման Մելիքյան

57
Այսօր, 21:42
«Հանուն հայրենիքի զոհվածների անունները պետք է տեսանելի լինեն Եռաբլուր այցելած յուրաքանչյուր մարդու համար». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ փոխնախագահ Վենսի պաշտոնական այցը Հայաստան և Ադրբեջան հայկական քաղաքական ու փորձագիտական շրջանակներում տարբեր մեկնաբանությունների ու դժգոհությունների առիթ տվեց։ Դրանցից մեկն էլ վերաբերում էր նրան, որ Վենսը Բաքվում այցելեց շահիդների ծառուղի, մինչդեռ մեր զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրք չմատուցեց, իսկ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելու վերաբերյալ սեփական գրառումն էլ ժամեր հետո հեռացրեց սոցիալական ցանցերից։ Սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգն արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված միջոցառումների ցանկում այցելություն Եռաբլուր չի նախատեսում, մինչդեռ Ադրբեջանում շահիդների ծառուղի պարտադիր տանում են բոլոր օտար հյուրերին։ Ու դա նոր երևույթ չէ։ Այսինքն, Հայաստանում հանուն Հայրենիքի զենքը ձեռքին մարտնչած ու զոհված մարդն այն ազգային արժեքը չէ, որը պետք է հարգվի ՀՀ այցելած արտասահմանյան պատվիրակությունների ու բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Ադրբեջանում, ինչպես և այլ պետություններում՝ ազգային արժեքների հանդեպ հարգանքը արարողակարգային դրսևորում ունի։ Ավելին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն էլ պարտադիր արարողակարգային միջոցառում չէ ու չի էլ եղել։ Մարդիկ կուզեին՝ կգնային, չէին ուզի՝ չէին գնա։ Փոխնախագահ Վենսը ցանկություն ունեցել է ու այցելել է Ծիծեռնակաբերդ և դա մեր վարվող պետական քաղաքականության հետ կապ չունեցող դրվագ էր։ ԱՄՆ-ում ևս հանուն ազգային շահերի վարվող պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակն է անշեղորեն հարգվում և, օրինակ, Վիետնամում զոհվածների անուններն են համապատասխան հուշահամալիրում հավերժացված բոլորին հասանելի ու տեսանելի վայրում։ Մենք մինչև հիմա էլ վստահ չենք կարող ասել, թե վերջին հինգ տարվա ընթացքում քանի զոհ ենք ունեցել մարտի դաշտում՝ այդ մարդկանց անուններն առ այսօր հրապարակված չեն ու ժամանակին այդ մասին տեղեկատվությունը հռչակվել է պետական գաղտնիք։ Մինչդեռ, այդ տղաների անունները պետք է տեսանելի և հասանելի լինեն Եռաբլուր այցելած յուրաքանչյուր մարդու համար՝ լինի նա օտար, թե յուրային, պաշտոնատար անձ, թե անպաշտոն քաղաքացի»:

Աղբյուրը`   Արման Մելիքյան