Երևան`   -2 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 հունվարի, 2026 թ.

«Հիմնական խնդիրն այլասերված համակարգն է, որը շարունակաբար ծնելու է նիկոլներ»․ Հայկ Դեմոյան

77
Այսօր, 21:00
«Հիմնական խնդիրն այլասերված համակարգն է, որը շարունակաբար ծնելու է նիկոլներ»․ Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞րն է խնդիրը
Խնդիրը Նիկոլ Փաշինյանը չի, քանի որ Նիկոլ Փաշինյանն ընդամենը պատանդի կարգավիճակ ունեցող կատարածու է: Հիմնական խնդիրը սովետական տարիներից ժառանգած ու անկախության տարիներին այլասերված ու մարդակեր երանգներով հարստացած համակարգն է, որն իր գոյությունն ու հարատևությունը ապահովելու համար հետայսու շարունակաբար ու միմիայն ծնելու է նիկոլներ: Այդ համակարգը մտավոր ու գիտակից հասարակությունից երկու տասնամյակում ստացավ դեգեներատների ու անասնական բնազդներով առաջնորդվող, հիշողությունից ու բարոյականությունից զուրկ մի հասարակություն: Այն արվեց նպատակասլաց կերպով ու սեփական շահերից ելնելով:
Հենց այդպիսի հասարակությունն է անհրաժեշտ հանցավոր ու կաննիբալ համակարգի համար, որպեսզի ծնվեն նոր նիկոլներ: Ու որպեսզի այդ ծնունդը կայանա, ակտիվ հերթագրում ենք նկատում այս տարվա հունիսյան ընտրություններին մասնակցելու համար: Թե բա իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այսպիսի «կլասիկ» ձևակերպումներ տվողը հաստատ մոռացել է, որ այդ ժողովրդին միշտ մոռանում են ընտրություններից հետո ձայներ հաշվելու կամ «նկարելու» ժամանակ, իսկ հոսանքի անջատումը տեղամասերում դիտվում է ձայների հաշվարկից հոգնածներին ընտրատեղամասերում պահմտոցի խաղալով ընդմիջում անելու ու լիցքաթափվելու կարևոր միջոց:
Հրամայված է մասնակցել ընտրություններին, որտեղ հնարավոր է 1.5 տոկոս ձայների առավելությամբ հաջողություն կունենա Նիկոլ Փաշինյանը, կամ մեկ ուրիշ նիկոլ փաշինյան: Հայկական կրիմինալ-քաղաքական դաշտը կենսագործունեության ու վերարտադրվելու այլ եղանակներ դեռ չի գտել, ոչ էլ ինչ որ փնտրտուքների մեջ է: Կարմիր գիծն անցել ենք 2018-ին, երբ հենց այդ ժողովրդին դարձրեցին հազարամյակի մեծագույն ստորության մասնակից, իր իսկ մասնակցությամբ դարձնելով սեփական պետության գերեզմանափորը:
Միջակությունները, հանրության տականքն ու աղբը միշտ ցանկալի են լինելու արատավոր ու մարդակեր այդ համակարգի համար, հենց նրանց միջոցով կառավարում իրականացնելու և նրանց առաջին գծում պահելու համար: Դե իսկ կրկեսը սպասարկող ծաղրածուների պակաս հայ հասարակությունը բնավ չունի. փողով ընդդիմադիր աշխատողներ էլ ունենք, փողով քաղբանտարկյալ խաղացողներ էլ ունենք ու մի դաստա էլ վերլուծաբան չեբուրաշկաներ են փողով աշխատում՝ եթերում ցանկալի աղմուկը ապահովելու, պատանդների երկարակեցությունն ապահովելու և հասարակության տակավին դեռ մտածող հատվածին ապակողմնորոշելու համար»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան